Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

07 Փետրվար, 2024 20:43
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը փետրվարի 7-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է  Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արթուր Աթաբեկյանի կենսագրական տվյալները, աշխատանքային գործունեությունը, անդրադարձել թեկնածուի մասնագիտական որակներին:

Արթուր Աթաբեկյանը խոսել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթների, Վճռաբեկ դատարանում գործող առանձին պալատների դերի մասին: Թեկնածուի համոզմամբ Վճռաբեկ դատարանի որոշումները պետք է ուղղորդող նշանակություն ունենան դատավորների, իրավաբանական համայնքի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար, պետք է հիմք հանդիսանան որոշակի օրենսդրական բարեփոխումների միջոցով օրենքներում առկա իրավական խնդիրները լուծելու համար: Նրա խոսքով արդարադատությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայության հիմքով, որի կարեւոր բաղադրիչներն են օրինականությունը, իրավական որոշակիությունը, կամայականության արգելքը, անկախ եւ անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, հավասարությունն օրենքի առջեւ: «Այս բաղադրատարրերի ամբողջական կիրառմամբ կարող ենք համարել, որ ապահովված է իրավունքի գերակայությունը»,- ընդգծել է թեկնածուն:

Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է դատարանների կողմից գործի քննությունը ողջամիտ ժամկետում չիրականացնելու վերաբերյալ դժգոհություններին, կարծիք հայտնել, որ դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: «Պետք է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործում է 7 դատավորի կազմով: Այս պահին դրանցից երկուսը թափուր է եւ տարեկան 3000 ու ավելի բողոք ստանալու պարագայում գրեթե անհնարին է դառնում սեղմ ժամկետում համապատասխան որոշում կայացնելը»,- ասել է թեկնածուն եւ համոզմունք հայտնել, որ վերջին ժամանակներում իրականացված բարեփոխումներն այս առումով դրական արդյունք կտան:

«Ուշացած արդարադատությունը համարվում է մերժված արդարադատություն, եւ մենք պետք է մեր դատական գործունեությամբ ողջամիտ ժամկետներում գործի քննությունն ապահովելու տեսանկյունից այնպիսի դատական դրսեւորումներ ունենանք, որ դատարան դիմող սուբյեկտը չկորցնի հետաքրքրությունն իր իրավունքների պաշտպանության հարցում»,- արձանագրել է Արթուր Աղաբեկյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 8-ի նիստում:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հարցերով կդիմեն Կառավարության անդամներին:

 

Լրահոս

Դիտել ավելին