Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

16 Հունվար, 2024 18:30
Քննարկվել է Երևանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թ. եզրափակչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Հայաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչն անցկացնելու նախապատրաստական աշխատանքներին: 

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը և այլք: 

Ինչպես նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզրափակիչը հեռարձակվելու է ավելի քան 70 երկրում:

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Նշվել է, որ մեծ թվով  երկրպագուներ կայցելեն Հայաստան:  Առաջիկայում սպասվում է նաև ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը՝ նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: 

Արայիկ Հարությունյանն ընդգծել է եզրափակիչը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունն օժանդակելու այդ աշխատանքներում: 

 

Լրահոս

Դիտել ավելին