Կարևոր իրադարձություններ

Մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանման պետտուրք կսահմանվի

09 Դեկտեմբեր, 2023 00:41
Մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանման պետտուրք կսահմանվի

2021 թվականից ՀՀ կառավարությունը մետաղական ջարդոնի ոլորտում որդեգրել է արժեշղթաների երկարացման քաղաքականություն: Դրանից հետո մետաղի ջարդոնի արտահանումն արգելվել է, այդ ժամանակահատվածում մի շարք մետալուրգիական ընկերություններ են բացվել եւ բացվում: Արդյունքում՝ այդ ոլորտը բավականին արագ զարգանում է: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ նիստում ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը, նշել է, որ Չարենցավանում երկու նման գործարան կա, գործարան կա նաեւ Քարակերտում, նման գործարանի շինարարություն է ընթանում նաեւ Երասխում:

Նախագծով կսահմանվի մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանման պետտուրք: Նախարարի գնահատմամբ կիսապատրաստվածքների արտահանումը կդժվարանա, իսկ արտահանման դիմաց կվճարվի համապատասխան պետտուրք: «Նպատակն այն է, որ խրախուսվի ավելի երկար արժեշղթաների իրագործումը Հայաստանում, այսինքն՝ արտադրվի վերջնական արտադրանք: Կառավարությունն այս ուղղությամբ մի շարք օժանդակող ծրագրեր ունի»,- ընդգծել է Վահան Քերոբյանը եւ դրանց շարքում մատնանշել տնտեսապես բարդ ապրանքների արտադրության աջակցության ծրագիրը, որով նմանատիպ արտադրության համար տրամադրվում է նախնական ներդրմամբ մինչեւ 35 տոկոսի չափով արտոնություն՝ «քեշբեքի» եւ հարկային արտոնությունների տեսքով:

Պատգամավոր Էդգար Հակոբյանը փորձել է հասկանալ, թե Կառավարության 35 տոկոս աջակցությունը որքան ներդրման պարագայում է նախատեսվում: Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ ծրագիրը վերաբերում է միջին եւ խոշոր բիզնեսներին, մեկ մլրդ դրամից սկսած ներդրումների դեպքում է: Նշվել է, որ ներդրողների կողմից արդեն կա զգալի հետաքրքրություն եւ առաջիկայում տեսանելի կլինեն ծրագրի արդյունքները: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է նման ծրագրերի իրազեկումը նաեւ սոցիալական ցանցերում: Ըստ պատգամավորի՝ 35 տոկոսը պետության կողմից մեծ ներդրում է բիզնեսի մեջ: Վահան Քերոբյանը, արժեւորելով հանրության իրազեկվածությունը, նշել է, որ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի իրազեկման համար ունի համապատասխան բյուջե: Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ խոսել է տարբեր մետաղների մասով կարգավորումների տարբերակման մասին, քանի որ ոչ բոլոր մետաղներն են նույն կարգավորումներով կամ մշակման փուլերով անցնում: Ի պատասխան՝ նախարարն իրազեկել է, որ մի շարք գործարաններ ընդլայնել են իրենց արտադրությունները եւ այս կարգավորմամբ եւս 100 մլն դոլարի ներդրում կլինի, որի արդյունքում կստեղծվի 550-750 բարձր արտադրողական աշխատատեղ:  «Պատրաստ ենք լրացուցիչ կարգավորումներ տալ այն ապրանքատեսակների վերաբերյալ, որոնք Հայաստանում երկար արժեշղթա ունենալու հնարավորություն չունեն: Այդ դեպքում կապահովենք շրջանաձեւ տնտեսության հնարավորությունները, այսինքն՝ վերամշակումը թեկուզ այլ երկրներում»,- ընդգծել է Վահան Քերոբյանը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կարգավորման նպատակը վերականգնողական ցիկլի երկարացումն է, կարեւոր փոփոխություն է նախատեսվում. նման կարծիք է հայտնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: «Ուզում ենք գնալ այն ճանապարհով, որ Հայաստանից արտահանվի ոչ թե հումք, ջարդոն կամ կիսաֆաբրիկատ, այլ հնարավորության դեպքում՝ պատրաստի արտադրանք»,- ասել է Բաբկեն Թունյանը: Տեղական ընկերությունները, շատ դեպքերում, ունեն հումքի խնդիր, եւ ջարդոնը վերամշակում են: Հանձնաժողովի նախագահի տեղակալը ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականությունը եւ նշել, որ դեռեւս քննարկման շատ հարցեր կան: Նա կոչ է արել առաջին ընթերցման փուլում կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ հետաքրքրվել է տասնյակ հազարավոր մեքենաների ջարդոնների հավաքման եւ դրանց հանձնման գործընթացի իրականացմամբ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ այժմ սեւ մետաղի վերամշակման ոլորտում կա զգալի մրցակցություն եւ հավելել. «Մեր հաշվարկները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուտով առաջանալու է մետաղի ջարդոնի սղություն, քանի որ ընկերություններն ունեն անհամեմատ ավելի մեծ հզորություն, քան Հայաստանում առկա ջարդոնի ծավալն է»: Նրա խոսքով ստեղծվող գործարաններն այնպիսին են, որ կարողանան ոչ միայն վերամշակել մետաղի ջարդոնը, այլ նաեւ վերամշակումն իրականացնեն առաջնային հումքից: «Դա նշանակում է, որ ավելի կայուն զարգացման շրջափուլ ենք մտնում: Այս ոլորտում բավականին լավ զարգացումներ կան»,- եզրափակել է ելույթը նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին