Կարևոր իրադարձություններ

Նախաձեռնությամբ սահմանվում են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները

08 Դեկտեմբեր, 2023 23:30
Նախաձեռնությամբ սահմանվում են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները

Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են հանրային ծառայողների կողմից ստացված եւ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

«Պետական գույքի կառավարման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 8-ի ԱԺ նիստում:

«Ներկայումս «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված է հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու արգելք»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` եթե անձին որեւէ նվեր տրվել է որեւէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից ելնելով, ապա այդ նվերն անկախ արժեքից անթույլատրելի է: Բացառություն են կազմում եւ թույլատրելի են միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող արարողակարգային նվերները, հյուրասիրությունը, կրթաթոշակը, դրամաշնորհը: Նշվել է, որ արարողակարգային ու պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերները դառնում եմ պետության կամ համայնքի սեփականությունը, եթե դրանց արժեքը գերազանցում է 60 հազար դրամը:

«Այնուամենայնիվ, ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները»,- ասել է փոխնախարարը: Նրա դիտարկմամբ դա մեծ բացթողում է, քանի որ թե' հանրությունը եւ թե' նվեր ստացողը` հանրային ծառայողը, հնարավորություն չի ստանում հասկանալու` պետությունն ի՞նչ է անելու իր սեփականությունը դարձող արարողակարգային նվերների կամ  ոչ թույլատրելի նվերների հետ:

Նախաձեռնությամբ սահմանվում են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները, նշված գույքը տնօրինող մարմինները եւ դրանց լիազորությունների շրջանակը:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է նվերների գնահատման կարգով: Զեկուցողը նշել է, որ բարձրացված հարցը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով. «Կիրառվում է ողջամիտ շուկայական արժեքի ուսումնասիրություն` առկա բաց աղբյուրներից»:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին