Կարևոր իրադարձություններ

Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում (լուսանկարներ)

08 Դեկտեմբեր, 2023 15:56
Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում (լուսանկարներ)

Դեկտեմբերի 8-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի նախագահությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ նվիրված հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Փախստականների համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցությանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են փախստականների պաշտպանության հարցերով ՀՀ առաջնահերթությունները, մասնավորապես ընդգծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու նպատակով միջազգային հանրության կողմից աջակցության տրամադրման կարևորությունը ոչ միայն հրատապ խնդիրների լուծման, այլ նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, կայուն կենսապայմանների ստեղծման նպատակով: Այս համատեքստում նշվել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Հայաստանի կողմից Ֆորումի ընթացքում ստանձնվելիք կամավոր պարտավորությունների համատեքստում տեղեկացվել է, որ դրանք ներառում են այնպիսի խնդիրներ ինչպիսիք են ԼՂ փախստականների համար տնտեսական գործունեության, աշխատանքի և կացարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը, առողջապահական ծառայությունների մատչելիության և կրթության իրավունքի ապահովումը, կանանց համար հատուկ ծրագրերի իրականացումը և այլն:

Ներկաներն ընդգծել են, որ Հայաստանն ունենալով փախստականների ընդունման և նրանց կարիքների ապահովման երկարամյա փորձ՝ Ֆորումի ընթացքում կկիսվի նաև փախստականների հետ աշխատանքի իր դրական փորձով:

Հանդիպմանը բացի Ֆորումի աշխատանքներին մեկնող պատվիրակության անդամներից մասնակցել են նաև շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, փախստականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին