Կարևոր իրադարձություններ

Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է. «Փաստ»

02 Դեկտեմբեր, 2023 09:41
Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետական կազմավորումը ի սկզբանե հիմնված է կեղծիքի, զեղծարարության, ստի ու արյան վրա, պատմությունից քիչ թե շատ տեղյակներին հայտնի է: Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը, հայության նկատմամբ ցեղասպանական ոճրագործ ծրագրերը ուղեկցվում են աղաղակող ստերով ու կեղծարարական, հորինովի հայտարարություններով, նույնպես հանրահայտ է ու ակնհայտ: Առհասարակ, լինի խոսքը «ադրբեջանական ժողովրդի» մասին հեքիաթների, թե, օրինակ՝ Աղվանքի, Գարդմանքի ու Արցախի պատմամշակութային ժառանգությունը «սեփականելու» և ոչնչացնելու, այս կամ այն պարսիկ հեղինակին «ադրբեջանականացնելու» կամ այլ, ավելի անմեղ թվացող բանի մասին (ասենք՝ տոլմա կերակրատեսակի, «Սարի աղջիկ» երգի կամ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի), ադրբեջանական իշխանությունների թելադրանքով ու ֆինանսավորմամբ տիրաժավորվում են բացահայտ հորինվածքներ ու ստեր ու... տարածվում, տարածվում, տարածվում:

Ադրբեջանական գործելակերպն անփոփոխ է: Ավելին, ներկա փուլում, չստանալով Հայաստանի անվանական իշխանությունների կողմից որևէ հակադարձում, ադրբեջանական քարոզչաքաղաքական ակտորներն ավելի ու ավելի են ոգևորվել և լկտիացել: Նրանք ոգևորվել են մինչև այնտեղ, որ Հայաստանը հռչակում են «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի մայրաքաղաքը՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանը, թրքաբար հնչյունախեղելով, հռչակում են՝ «Իրիվան», Հայոց պատմական մայրաքաղաքներից Վաղարշապատը հռչակում են «Ուչմուձին», հրապարակում ու տարածում են ՀՀ քարտեզ, որտեղ բոլոր մարզերը գրված են «ադրբեջանական» անվանումներով: Համարելով, որ արդեն իսկ գործած մի շարք պատերազմական հանցագործությունները լիովին մարսել են, ադրբեջանական իշխանությունները լծվել են կեղծարարության նոր ծրագրի՝ նպատակ ունենալով միջազգային ասպարեզում Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագրի մեղքը բարդել Հայաստանի ու Արցախի վրա:

Ահավասիկ, պատերազմական հանցագործ ու առաջիկայում անկասկած իր արժանին ստանալու ենթակա ադրբեջանական ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»: Խոսքը, կռահելի, է Արցախի բռնի հայաթափման մասին է: Արցախի, որը հազարամյակներով եղել է բնիկ հայկական, որը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության կազմում, իսկ հիմա անցել է ադրբեջանական տիրապետության տակ, որն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացում, ինչը ևս համարվում է ցեղասպանական ոճրագործություն»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին