Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահի գլխավորած պատվիրակությանը

28 Նոյեմբեր, 2023 13:48
Ֆինանսների նախարարն ընդունել է  Ասիական զարգացման բանկի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ:

Ողջունելով ԱԶԲ նախագահին եւ գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին ԱԶԲ եւ Հայաստանի միջրեւ համագործակցությունը բավական ինտենսիվ բնույթ է ստացել, ինչի մասին է վկայում նաև համագործակցության հագեցած օրակարգը:

ԱԶԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցությունը՝ իր կողմից շեշտելով, որ ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը և պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը նոր համագործակցության հեռանկարների ուղղությամբ:

Մասաթուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն կարևորում է ընթացիկ Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման բյուջետային աջակցության ծրագրի նշանակությունը, եւ հաշվի առնելով վերջինիս շարունակական բնույթը, նկատի ունենալով, որ այն մի քանի փուլից է բաղկացած, ընդգծեց, որ բանկը պատրաստ է քննարկել ծրագրի ֆինանսական միջոցների եւ վերջինիս ներքո իրականացվելիք բարեփոխումների շրջանակների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը:

Վահե Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի կողմից կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական աջակցությունը՝ նշելով, որ այն բավական օգտակար է տարբեր ծրագրերի իրականացման գործընթացներում ներգրավված հայկական կողմի մասնագետների եւ աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ մի շարք այլ բնագավառներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բյուջետային աջակցության ուղղությանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում ևս շարունակել անհրաժեշտ ջանքերի գործադրումը համատեղ նպատակադրումների և ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին