Կարևոր իրադարձություններ

Կհստակեցվեն ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը

09 Նոյեմբեր, 2023 16:13
Կհստակեցվեն ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը: Առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային և այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով։

Օրինագծերի փաթեթը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և նշել. «Մենք դեռևս հոկտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշում կայացրեցինք: Այդպիսով՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից իրենք Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե չէ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ և նպաստ:

Սակայն հստակեցնելու համար կենսաթոշակի և նպաստի իրացման որոշակի ընթացակարգեր, անհրաժեշտություն առաջացավ պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները, Կառավարության կողմից սահմանված լիազորությունները: Մենք կստեղծենք նաև էլեկտրոնային հարթակ, որի համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր արդեն Լեռնային Ղարաբաղում ունեցել են այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով դա կընդունենք ի գիտություն և կսկսենք կենսաթոշակների այդ իրավունքն իրացնել:

Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, այսինքն՝ մենք արդեն կունենանք լիազորություն մեր օրենքով սահմանված բոլոր այդ չափանիշներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ: Իսկ երբ հարթակ գործարկվի, մեր հայրենակիցներն արդեն կարող են դիմել կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մայրության նպաստի համար, խնամքի նպաստի և կենսաթոշակների համար»:

Նախարարն ընդգծել է մեկ կարևոր արձանագրում՝ անհրաժեշտ է, որպեսզի վերոնշյալ անձինք գրանցված լինել Հայաստանի Հանրապետության որևիցե հասցեում: «Այսինքն՝ հաշվառման, քաղաքացիության հետ սա չպետք է շփոթել, շատ կարևոր է, որպեսզի որևիցե հասցեում անպայման գրանցված լինեն: Դիմումների համար կրկին կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում 49-ն են և որոնց հասցեները բազմիցս մենք հրապարակել ենք, տեղյակ են: Սրանք հիմնական կարգավորումներն են, որ մենք այս օրենքի փոփոխությամբ արագացված ընթացակարգով կներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է Նարեկ Մկրտչյանը:

Օրինագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը հանձնարարել է գործընթացի որոշ նրբություններ քննարկել լրացուցիչ աշխատանքային կարգով՝ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին