Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը

07 Նոյեմբեր, 2023 20:19
Կյանքից հեռացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը

2023թ. նոյեմբերի 7-ին 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար մաս է կազմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման և առաջնահերթությունների առաջմղման գործում:

Ինչպես փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն, Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով. ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ծնվել է 1951թ. Ֆրանսիայում: Սովորել է Փարիզի VII համալսարանում, բանասիրության և պատմության ֆակուլտետում:

1991-1992թթ․՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

1993-1996թթ.՝ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

1996-1998թթ․՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, իսկ 1998-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

1999-2008թթ.՝ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2008-2013թթ․՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ֆրանկոֆոնիայի հարցերով

2013-2019թթ.՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

2019թ. հունվարի 17-ից՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին