Կարևոր իրադարձություններ

«Ազնավուր» քոլեջի շրջանավարտը` միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր (լուսանկարներ)

19 Սեպտեմբեր, 2023 12:18
«Ազնավուր» քոլեջի շրջանավարտը` միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր (լուսանկարներ)

Սեպտեմբերի 12-16-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել «Ալմաթին իմ սրտում-2023» (Almatym Juregimde-2023) երիտասարդ կատարողների կառավարական ամենամյա երգի միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթին մասնակցել են աշխարհի 11 երկրից 14 երիտասարդ կատարողներ, որից 3-ը՝ Ղազախստանից։

Մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրել է Երևանի Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի և արվեստի պետական  քոլեջի շրջանավարտ Դավիթ Կիրակոսյանը և արժանացել մրցույթի առաջին մրցանակի։

Առաջին մրցութային օրը Դավիթը կատարել է Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը։ Իսկ երկրորդ օրը՝ մրցույթի կանոնների համաձայն, կատարել է ղազախական ժողովրդական հայտնի «Դայդիդաու» ստեղծագործությունը՝ Ղազախստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Երկու մրցութային օրերին Դավիթը վաստակել է ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները (ժյուրիի 7 անդամների կողմից`առավելագույն 11 միավոր)։ Արդյունքում, մեր մասնակիցը Բելառուսի ներկայացուցչի հետ գրանցել է հավասար միավորներ։ Մրցույթի կանոնների համաձայն, մասնակիցների հավասար միավորների դեպքում, ժյուրիի նախագահն ունի մեկ միավորի իրավունք։ Այս դեպքում ժյուրիի նախագահը, որոշիչ մեկ միավորը տվել է Բելառուսի ներկայացուցչին՝ արժանացնելով նրան Գրան Պրի մրցանակի։ Իսկ Հայաստանի պատվիրակ Դավիթ Կիրակոսյանը ստացել է մրցույթի առաջին մրցանակը։

Անցյալ տարի, այս մրցույթում Հայաստանը ներկայացրել էր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և կրկին արժանացել առաջին մրցանակի:

Մրցույթում հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ, շուտով կլինեն Հայաստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին