Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա արժութային վարկեր չտրամադրելը. մանրամասնում է տնտեսագետը

24 Հուլիս, 2023 17:33
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա արժութային վարկեր չտրամադրելը. մանրամասնում է տնտեսագետը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրեր առաջ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ hուլիսի 1-ից բանկերը ֆիզիկական անձանց այլևս վալյուտային (արժութային) վարկեր չեն տրամադրում։ Չնայած բանկերը վարկեր չեն տրամադրելու, բայց շարունակելու են արժութային ավանդներ ընդունել:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Արմեն Քթոյանը, սպառողական վարկերի դեպքում նման սահմանափակում վաղուց կար, իսկ հիմա դա տարածվում է նաև հիփոթեքային վարկերի վրա։

«Գլխավոր նպատակն այն է, որ որպես կանոն արտարժութային վարկի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան դրամով վարկերինը, և շատ հաճախ վարկառուները, գայթակղվելով այդ ցածր տոկոսադրույքներով, վերցնում են հենց արտարժութային վարկեր։ Բայց հետո այս վարկի մարման հետ կապված խնդիրների են բախվում՝ փոխարժեքի տատանմամբ պայմանավորված»,-մանրամասնում է մասնագետը։

Արմեն Քթոյանն ընդգծում է՝ այս օրենքը նման խնդիրներից զերծ մնալու համար է։ Այն ավելի շատ ուղղված է սպառողների շահերին, քանի որ առանձին վարկատեսակների պարագայում, հատկապես այն վարկատեսակների, որոնք երկարաժամկետ բնույթ ունեն ու փոխարժեքի տատանումները դրանց մարման վրա շատ մեծ ազդեցություն են ունենում։

«Օրենքն ավելի շատ վերաբերում է սպառողական վարկերին, օրինակ, բիզնես վարկերը արտարժույթով կարող են տրամադրել։ Այսինքն` վարկի այնպիսի տարբերակներ, երբ հաճախորդը կարողանում է գնահատել իր ռիսկերը, այդ դեպքում տրամադրում են արտարժութային վարկեր, իսկ սպառողական նպատակով տրամադրվող վարկերի դեպքում արտարժութային վարկն այնքան էլ նպատակահարմար չէ։ Առավել ևս խոսքը ռեզիդենտների մասին է, նրանց, որոնց  տնտեսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, և իրենց եկամուտները ստանում են դրամով։ Եթե վարկառուն եկամուտը դրամով է ստանում, ապա արտարժությային վարկի մարում կատարելը կարող է որոշակի ռիսկերով ուղեկցվել»,-նշում է նա։

Անդրադառնալով բանկերի` վարկեր չտրամադրելուն, սակայն արժութային ավանդներ ընդունելուն`տնտեսագետի գնահատմամբ տվյալ պարագայում բանկն է ռիսկի դիմում, քանի որ որոշակի գումար ներդնելու դեպքում հաճախորդը որոշ ժամանակ անց վերցնելու է ավելի շատ գումար։

«Այսինքն` կորստի հնարավորություններն այստեղ շատ քիչ են, քանի որ քաղաքացին ռիսկի չի դիմում։ Այլ բան է, երբ դու վարկը վերցնում ես արտարժույթով, բայց քո եկամուտը դրամով է, և ինչ-որ պահից սկսած չես կարողանում վարկը մարել։ Իսկ ընդհանրապես ոչ թե արգելվում է վարկերի տրամադրումը, այլ արգելվում է առանձին վարկատեսակների տրամադրումն արտարժույթով։ Նույն բանկը կարող է ավանդ վերցնել արտարժությով, և դա տրամադրել որպես բիզնես վարկ»,-նշում է Արմեն Քթոյանը։

Տնտեսագետի խոսքով՝ սա տնտեսության վրա էական ազդեցություն չի թողնի, քանի որ նրանք, որոնք երկարաժամկետ արտարժութային վարկեր էին վերցնում, հատկապես հիփոթեքային վարկեր, հասկացել էին, որ պետք չէ գայթակղվել ավելի ցածր տոկոսադրույքով: Նախընտրելի է դրամով, բայց, նույնիսկ, ավելի բարձր տոկոսով հիփոթեք վերցնել, քան արտարժույթով, բայց ավելի ցածր տոկոսով։

«Երբ վերջին տարիների դինամիկան նայում ենք, հասկանում ենք,որ արտարժութային վարկերի տրամադրում էական աճ չի արձանագրել, այն դեպքում երբ բազմապատիկ աճել են դրամով հիփոթեքային վարկերը։ Այսինքն` այս միջոցը ավելի շատ կանխարգելիչ տարբերակ է, բայց փաստացի մեծ ազդեցություն տնտեսության վրա չի կարող ունենալ»,-եզրափակում է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին