Կարևոր իրադարձություններ

2015 թվականը Հայաստանի համար, մասնավորապես, տնտեսական առումով դժվար տարի եղավ

20 Հոկտեմբեր, 2015 12:44
2015 թվականը Հայաստանի համար, մասնավորապես, տնտեսական առումով դժվար տարի եղավ

2015 թվականը Հայաստանի համար, մասնավորապես, տնտեսական առումով դժվար տարի եղավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Դիտարկմանը, թե ի վերջո ինչ սպասումներ են ձևավորվելու 2016-ին, տնտեսագետն ասաց, որ բյուջեում ավելի շատ հեռահար նպատակներ են դրված: Մասնավորապես, Իրանի հետ արդեն բարձր մակարդակով հանդիպումներ են տեղի ունենում, իսկ դա նշանակում է, որ նման երկրի հետ Հայաստանը եթե կարողանա գտնել համագործակցության եզրեր, ապա առաջին հերթին հենց Հայաստանի համար դրական կլինի:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա տնտեսագետը գտնում է, որ որքան էլ որոշ մարդիկ ցանկանան բացասական գույներով նկարագրեն ԵՏՄ-ի անդամակցությունը, պետք է հասկանալ, որ ԵՏՄ-ն որպես այդպիսին դեռևս չի գործում:

«Դեռևս կան տարբեր կարգավորման հարցեր, որոնք այս պահի դրությամբ դեռևս լուծված չեն: Եւ մենք իրավունք չունենք ասել՝ ԵՏՄ-ի հետ մեր հարաբերությունները առ ոչինչ են: Այդուհանդերձ, ԵՏՄ-ն 170 միլիոնանոց շուկա է և իրացման առումով լավ շուկա է: Այսինքն՝ հաջողություններ գրանցելու համար ունենք մեծ հնարավորություններ »,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը նշեց նաև, որ Հայաստանում կա մեծ ներուժ, սակայն չի օգտագործվում. «Մենք այդ ամենը լիովին չենք օգտագործում, քանի որ Հայաստանում ներդրումների կտրվածքով քաղց, սով գոյություն ունի: Ընդ որում՝ ոչ միայն օտարեկրացիները հակված չեն ներդրումներ կատարել մեր երկրում, այլ նաև տեղի գործարարները: Պատճառները բազմաթիվ են, որոնք հայտնի են բոլորին»:

 

Լրահոս

Դիտել ավելին