Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ վնասներ են առաջացել քամու հետևանքով (տեսանյութ)

23 Մայիս, 2022 23:45
Ի՞նչ վնասներ են առաջացել քամու հետևանքով (տեսանյութ)

Մայիսի 23-ին, ժամը 08։53-ից 19։07-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

***

Մայիսի 23-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել տանիքի մյուս հատվածի վրա․ առկա են կախված թիթեղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները հեռացրել են կախված թիթեղները (մոտ 40 քմ)։

***

Մայիսի 23-ին, ժամը 13։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը։

***

Մայիսի 23-ին, ժամը 08։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի տանիքից թիթեղ է կախվել․ առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են կախված թիթեղները (մոտ 12 քմ)։
 

Լրահոս

Դիտել ավելին