Կարևոր իրադարձություններ

Եվրասիական ձնծաղիկը

18 Հոկտեմբեր, 2015 15:50
Եվրասիական ձնծաղիկը

Հայաստանի նախկին վարչապետ և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի նոր նշանակումը ԵՏՄ-ում պետք է շատ բնական համարել: 2014թ․ հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում նման դրսևորումներն ու տրանսֆորմացիաները անակնկալ չպետք է լինեն, քանի որ Հայաստանը ստորագրեց Եվրասիական միությանն անդամակցության պայմանագիրը: Հայաստանին ընդունել են մի ակումբ, որտեղ նման քաղաքական այլասերումը նորմ է:

Ընդ որում` Հայաստանն այդ ակումբ է ընդունվել առանց որևէ քաղաքական դիմադրության: Մի քանի հարյուր քաղաքացիներին էլ, որ փորձել են արտահայտվել Եվրասիական միության անդամակցության դեմ, հենց Հայաստանի քաղաքական մակարդակներում էլ հավասարեցրել են մի քանի տասնյակի և որակել կամ անվանարկել միտք պղտորող ջղաձգվողներ:

Այսինքն` եթե հանում ենք միտք պղտորող մի քանի տասնյակ ջղաձգվողներին, ապա արձանագրում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը, այսինքն` ռուսական կայսրության մոդիֆիկացված տարբերակին Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է, ըստ էության, համազգային կոնսենսուսի պայմաններում` գրեթե այնպես, ինչպես որ քվեարկվել էր անկախության հանրաքվեն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ 94 տոկոս «այո»:

Այժմ, փաստորեն, Հայաստանի 99-ն ու 99 տոկոսը, ըստ պաշտոնական ընդդիմության տվյալների, քվեարկել է անկախության կորստի և Եվրասիական կայսրության անդամակցության օգտին և հիմա էլ անկախ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը նշանակվում է Մոսկվայում այս ծրագրի գործադիր տնօրեն : Ինչ խոսք, տպավորիչ արդյունք է անկախության երկու տասնամյակների հանրագումարում: Եվ եթե նման ցուցանիշներով քվեարկվել է կայսրության վերականգնման օգտին, Հայաստանը կայսրության կազմ դե յուրե վերադարձնելու օգտին:

Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ նման պահվածքն էլ, ըստ էության, «անշրջելի» է, քանի որ չի կարող ԵՏՄ-ին անդամակցելը, այսինքն` կայսրության գավառ հանդիսանալը անշրջելի լինել, իսկ գավառապետների վարքը, որ ուղիղ բխում է կայսրության արժեքներից ու մթնոլորտից, դառնալ շրջելի: Չեն կարող կայսրության գավառապետները կամ նրանց զանազան օգնականները իրենց պահել այլ արժեհամակարգում, այլ քաղաքակրթական սահմաններում, այլ ոճի և մեթոդաբանության մեջ, քան այն, ինչն ընդունված է կայսրության կենտրոնում, և ինչի վրա էլ հիմնված է կառավարման առանցքը, հասարակությունների վերահսկելիության առանցքը: Հետևաբար, գավառապետների ընտրությունն էլ կենտրոնում կատարվելու է հենց այն սկզբունքով, թե ով ավելի ցինիկ կլինի իշխանությունը իրացնելիս:

Կարող է թվալ, թե կայսրության կենտրոնին հակառակը պետք կլինի՝ որ գավառապետները լինեն մարդասեր, լինեն շռայլ, սիրեն ժողովրդին, համեստ լինեն, որպեսզի ժողովուրդն էլ նրանց նայելով կայսրությունը սիրի: Տրամաբանական է թվում, սակայն հարկ է հստակեցնել խնդիրը: Այո, եթե ժողովուրդը ընտրում է կայսրությունը, կայսրության ոճը, արժեքները, մոտեցումներն ու սկզբունքները, քաղաքակրթական հիմքերը, եթե ընդունում է կառավարման մեթոդաբանությունը՝ հիմնված համատարած կոռուպցիայի, հովանավորչության, հանրային ռեսուրսների մսխման վրա, ապա գավառապետներին կհրամայվի այդպիսի ժողովրդի հանդեպ սիրալիր լինել, ապահովել ժողովրդին հաց ու երշիկով, իսկ տոն օրերին նաև ավելացնել «պայոկը»: Այդպիսի ժողովրդին ո՞վ չի սիրի, որ գավառապետներն էլ չսիրեն:

Սակայն եթե ժողովուրդը կպահանջի արժեքների փոփոխություն, կպահանջի կոռուպցիոն հիմքի փոփոխություն, հանրային ռեսուրսների մսխման դադարեցում, քաղաքացիական ու տնտեսական ազատություններ, հավասարություն և անկախ դատարանի միջոցով սեփականության իրավունքի երաշխավորում, այդ դեպքում գավառապետները ցույց կտան կայսրության դեմքը և բռունցքը, որովհետև այդ պահանջները սկզբունքորեն հակասում են կայսրության կենսագործունեության սկզբունքներին, և հետապնդել դրանք ինքնաբերաբար նշանակելու է քանդել կայսրության հիմքերը:

Նաև այդ պատճառով է, որ չի կարող հեռանկարի առումով հուսալի և վստահելի լինել որևէ շարժում, որտեղ առանձնահատուկ խնամքով են վերաբերվում կայսրությանը և կայսրին, սակայն խոստանում են փոխել երկիրը, փոխել համակարգը, փոխել կառավարման որակները: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հնարավոր է խաբել կայսրին և գալով իշխանության` քանդել կայսրության հիմքերը Հայաստանում: Թող ընթերցողը պատկերացնի` արդյոք հնարավո՞ր է խաբել կայսրին: Նման դեպքերի համար Հայաստանում երևի թե արդեն թևավոր երկխոսություն էլ կա. հնարավո՞ր է՝ այո, կխաբե՞ն՝ ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին