Կարևոր իրադարձություններ

Ծառայության համար ոչ պիտանի զինակոչիկին առողջ ներկայացրած բժիշկը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է

18 Հոկտեմբեր, 2015 13:25
Ծառայության համար ոչ պիտանի զինակոչիկին առողջ ներկայացրած բժիշկը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է բժիշկ Վիկտոր Ս.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկ Վիկտոր Ս.-ն օժտված է եղել զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի քաղաքացիներին սոնոգրաֆիկ հետազոտության ենթարկելու իրավասությամբ:

2014 թվականի մարտի 21-ին բժիշկը, ըստ դատական ակտի, ցուցաբերել է պաշտոնեական անփութություն. զորակոչվելու համար բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով Մարտունու զինկոմիսարիատի կողմից ուղեգրված Կարեն Ա.-ի որովայնի օրգանների ուլտրաձայնային սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում չի հայտնաբերել զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչվելու համար հիմք հանդիսացող՝ «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էխինոկոկային կիստա» հիվանդությունը:

Արդյունքում՝ Կարեն Ա.-ն ճանաչվել է պիտանի զինծառայությանը: Սակայն առողջական վիճակի վատացման պատճառով զինվորը վաղաժամկետ զորացրվել է պահեստազոր:

Այսինքն, ըստ դատական ակտի, Կարեն Ա.-ն պաշտոնատար անձի՝ բժշկի սխալի պատճառով զորակոչվել է բանակ և շուրջ 7 ամիս ծառայել է՝ այն դեպքում, երբ պիտանի չի եղել զինծառայությանը, զորակոչելով՝ ոտնահարվել են Կարեն Ա.-ի սահմանադրական իրավունքները, պետության ու հասարակության շահերին պատճառվել է էական վնաս՝ ըստ դատական ակտի:

Բժիշկ Վիկտոր Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասով:

Բժիշկ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե իր կողմից տվյալ հիվանդությունը Կարեն Ա.-ի մոտ չի հայտնաբերվել, քանի որ հետագայում հայտնաբերված բուշտը իր հետազոտության ժամանակ կամ չի եղել կամ եղել է լատենտային՝ թաքնված շրջանում ու չի երևացել:

Ըստ ամբաստանյալի՝ բուշտը Կարենի մոտ կարող էր առաջանալ ծառայության ժամանակ մրսելուց, սթրեսներից, ընկերոջ հետ վիճելուց, կեղտոտ բանջարեղեն ուտելուց և այլ պատճառներից:

Վարակումից 3 ամիս հետո բուշտը դառնում է 3-4 սմ չափերի:

Բժշկի պնդմամբ՝ իր հետազոտության պահին այդ բուշտը չի եղել, զինվորը, հնարավոր է, վարակվել է հետազոտությունից հետո կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով  էխինոկոկը ավելի անատոմիական է դարձել:

Բժիշկ ամբաստանյալը նշել է, թե Կարեն Ա.-ի մոտ հետազոտության պահին համապատասխան կլինիկա չի եղել՝ ցավ, գանգատ: Բայց էխինոկոկը այնպիսի «պարազիտ է», որի կրողի մոտ հնարավոր չէ, որ կլինիկա չլինի, հնարավոր չէ, որ հարազատները չնկատեին տղայի թուլությունը, փսխոցը, մեզի գույնի փոփոխությունը:

Տուժող Կարեն Ա.-ն հայտնել է, թե 2014 թվականի ամառային զինակոչի ժամանակ ինքը ներկայացել է զինկոմիսարիատ, անցել է բուժհետազոտություններ: Մարտունու հիվանդանոցում ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, իրեն ասել են, թե իր ներքին օրգաններում որևէ ախտաբանական երևույթ չի հայտնաբերվել:

Ինքը ճանաչվել է զինծառայության համար պիտանի, 2014 թվականի հուլիսի 13-ին զորակոչվել է բանակ:

Դեկտեմբերի 14-ին իրեն 10 օրով արձակուրդ է տրամադրվել, ինքը տուն է գնացել: Արձակուրդի 3-րդ կամ 4-րդ օրը ինքը հիվանդացել է ջրծաղիկով: Դեկտեմբերի 21-ին գնացել է Մարտունու զինկոմիսարիատ, իրեն ուղարկել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ ընդունվել է ստացիոնար բուժման:

Բուժման ընթացքում ենթարկվել է հետազոտությունների, կատարել են նաև սոնոգրաֆիա ու լյարդի մեջ հայտնաբերել են բուշտ:

2015 թվականի հունվարի 13-ին իրեն տեղափոխել են կենտրոնական զինհոսպիտալ, մինչև փետրվարի վերջերը բուժվել է, ենթարկվել է վիրահատության, լյարդի բուշտը հեռացրել են: Ինքը ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար ու զորացրվել է պահեստազոր:

Կարենն ասել է, թե իր լյարդի բուշտը չհայտնաբերելու հետ կապված՝ ինքը որևէ անձի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ որոշել ստույգ Կարեն Ա.-ի հիվանդության առաջացման վաղեմությունը՝ հնարավոր չէ, սակայն  դատելով վիրահատության ժամանակ նկարագրված էխինոկոկի ֆիբրոզ կապսուլայի առկայությունից և արտահայտվածության աստիճանից, կարելի է եզրակացնել, որ էխինոկոկային բուշտը առկա է եղել դեռևս 2014 թվականի մարտ ամսվա դրությամբ: Այն հնարավոր էր հայտնաբերել սոնոգրաֆիկ հետազոտությամբ:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ բժիշկը աշխատանքային գործունեության հետ կապված՝ բազմիցս խրախուսվել ու պարգևատրվել է, տուժողը նրա նկատմամբ բողոք չի ունեցել:

Դատարանը հաստատված է գնահատել Վիկտոր Ս.-ին մեղսագրված արարքը:

Վիկտոր Ս.-ն մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի:

 

Լրահոս

Դիտել ավելին