Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չափն անցել է և ԵԱՀԿ հայտարարությունը նրան զսպելու փորձ էր. քաղաքագետ (տեսանյութ)

22 Մայիս, 2017 15:28
Ադրբեջանը չափն անցել է և ԵԱՀԿ հայտարարությունը նրան զսպելու փորձ էր. քաղաքագետ (տեսանյութ)

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում փոխզիջման մասին չի կարող խոսք լինել, քանի որ Ադրբեջանը փոխզիջման չի գնա, հետևաբար խոսքը կարող է լինել միայն Հայաստանի կողմից զիջումների գնալու մասին: Այսօր` մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի՝ հայ ժողովուրդը խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ոչ» ասեց այսպես կոչված արժանապատիվ խաղաղությանը: Ըստ նրա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած արժանապատիվ խաղաղության հայեցակարգը ժխտվեց, քանի որ Արցախից ոչ մի թիզ հող չի կարող զիջվել, քանզի այդ դեպքում հակառակորդը էլ ավելի կակտիվանա և կփորձի նոր տարածքներ գրավել: Շիրինյանի խոսքով՝ Ադրբեջանը հյուծման, ռեսուրսների սպառման քաղաքականություն է վարում հայկական կողմի նկատմամբ: «Հայկական կողմը պետք է խաղաղությունը պարտադրի Ադրբեջանին: Այստեղ կարևոր է նաև մեր հովանավորների կամքից և ցանկությունից հրաժարվելը»,- նշում է նա՝ հավելելով, որ կարևոր է Իրանի հետ լայնածավալ երկխոսության ծավալումը:

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է նախաձեռնի հակաադրբեջանական ալյասի ստեղծում, որում ներգրավված լինեն բոլոր այն պետությունները և ժողովուրդները, որոնք ադրբեջանական պանթյուրքիզմը դիտարկում են որպես ֆաշիզմի տարատեսակ և պատրաստ են դրա դեմ պայքարել: Անդրադառնալով ԵԱՀԿ հայտարարությանը, որով հասցեական կերպով Մինսկի խումբը դիմեց Ադրբեջանին՝ նրան մեղադրելով ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, Շիրինյանը նշեց. «Ադրբեջանը չափն անցել է և դա արվեց նրան զսպելու նպատակով»:

Ի պատասխան Shabat.am-ի հարցին, թե հայկական կողմն ինչ միջոցներ կարող է կիրառել Ադրբեջանի դեմ՝ նրան խաղաղություն պարտադրել կարողանալու համար, քաղաքագետը նշեց, որ հայկական կողմը պետք է խելամտորեն կարողանա կիրառել փափուկ ուժը, ինչ ենթադրում է քայքայիչ աշխատանք, պրոպագանդա, ճնշման տարբեր ձևեր, էթնոմշակության հակասությունների սրումը և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին