BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահական ընտրությունները համարվել են կայացած։ Բելառուսի ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին քվեարկությանը մասնակցել է արդեն ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին։
Ընտրողներն առավել մեծ ակտիվություն ցուցաբերել են Վիտեբսկի մարզում։ Ընտրողներն ավանդաբար ավելի պակաս ակտիվ են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Բելառուսում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը կազմել է 7 միլիոնից քիչ պակաս՝ 6.995.885 մարդ, այդ թվում նաև 7333 մարդ հանրապետության սահմաններից դուրս։
ԶԼՄ-ների ու մեկնաբանների միասնական կարծիքի համաձայն նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում հեշտ հաղթանակ է տանելու և նախագահի պաշտոնը պահպանելու է 1994 թվականից անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն քվեարկությանը մասնակցել է որդու հետ՝ հայտարարելով, որ ներկայիս ընտրությունները կարող են նպաստել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը։