Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը կարևորում է սեփական ես-ի հետ ազնիվ լինելը. Forbes-ի հարցազրույցը

12 Հոկտեմբեր, 2016 12:56
Ռուբեն Վարդանյանը կարևորում է սեփական ես-ի հետ ազնիվ լինելը. Forbes-ի հարցազրույցը

Forbes-ը հոկտեմբերի 11-ին հոդված է հրապարակել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի մասին՝ վերնագրելով «Ռուբեն Վարդանյանը փոխում է աշխարհը՝ սկսելով առանձին երկրներից»: 

«Մարդիկ են ապագան, եւ մարդու զարգացումը աշխարհը փոխելու ամենակարեւոր բաղադրիչն է: Մենք արդյունաբերական կայսրությունից անցում ենք կատարել մտքի, ինտելեկտի կայսրության: Մտքի կայսրությունում մարդիկ ապագայի գլխավոր կապիտալն են: Շատ քիչ մարդիկ փոխում են աշխարհը, հարկավոր է ներդրում կատարել հենց այդ մարդկանց մեջ»,-խոսելով ապագայի մասին նշել է Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը առանձնացնում է ներդրումներին արժանի «լավ մարդկանց» հիմնական հատկանիշները: Նրա կարծիքով՝ այդ մարդիկ հետաքրքրասեր են եւ պատրաստ են սովորել, ունեն գլոբալ առաքելություն ու երկարաժամկետ տեսլական, «հարմարավետության գոտին» լքելու պատրաստակամություն: Նրանք հարմարվում են արագ փոփոխող աշխարհում՝ ամփոփոխ պահելով իրենց արժեքները:

Հոդվածը բացահայտում է, որ Ռուբեն Վարդանյանն իր հաջողության մեծ մասը վերագրում է իր մենթորներին: Նա ինքն էլ շատերի համար մենթոր է: Բայց, նրա կարծիքով, մենթորությունը հաճախ սխալ է ընկալվում:  «Մենթոր լինելը նման չէ ուսուցչի կամ դաստիարակի աշխատանքին, ով աշակերտին նստեցնում է դասարանում եւ ասում՝ հիմա սովորելու ժամանակն է: Մենթորությունը պահանջում է ժամանակ եւ վստահություն: Շատ հաճախ, դու չես էլ գիտակցում, որ այդ անձը քո մենթորն է, մինչեւ չանցնեն տարիներ կամ տասնամյակներ: Մենթորությունը միակողմանի չէ. եթե քո մենթորին չես ուսուցանում այնքան, որքան նա քեզ, ապա դա կայուն հարաբերություն չէ»,- ասում է նա:

Ռուբեն Վարդանյանը պատասխանում է այն հարցին, թե ինչով զբաղված կլինի 25 տարի հետո: Նա նշում է, որ 25 տարի հետո մեծ քայլեր կկատարի համաշխարհային կրթության մեջ, կվերականգնի հարգանքն ուսուցիչների նկատմամբ եւ կփոխի կրթության բիզնես- մոդելը: Կենտրոնացած կլինի տարածքային զարգացման վրա եւ կիրականացնի մի շարք նախագծեր՝ Տաթեւի նախագծի նմանությամբ, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

Հեղինակը Ռուբեն Վարդանյանին հարցնում է, թե որն է այդքան նվաճումներ ունենալու գաղտնիքը: 

«Նախ եւ առաջ, ես երբեք չեմ ասում՝ ուզում եմ անել, ասում եմ՝ կանեմ»,- նշում է նա: 


Ռուբեն Վարդանյանը նաեւ կարեւորում է սեփական ես-ի հետ ազնիվ լինելը՝ «դա ավելի լավ է, քան լինել հարուստ, հայտնի եւ հզոր»:

«Ինձ չի թվում, որ ես շարունակ աշխատում եմ: Ես չեմ աշխատում, պարզապես ապրում եմ: Երբ անում ես այն, ինչ սիրում ես, քո խելահեղ թվացող կյանքը այլեւս խելահեղ չէ: Դու վերահսկում ես քո կյանքը եւ խաղաղության մեջ ես»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Բրայան Ռաշիդն իր հոդվածն ավարտում է այսպես.

«Արդեն ավարտում էինք հարցազրույցը, երբ մեզ մոտեցան Ռուբենի կինն ու դուստրը: Նա գրկեց նրանց, ու ես սեր եւ հիացմունք տեսա»:

 

Լրահոս

Դիտել ավելին