Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը փուչիկ է, իսկ Բորդյուժան փորձում է մեզ համոզել, որ եթե մենք դիմեինք, ապա ՀԱՊԿ-ը կոնկրետ գործողությունների կանցներ

10 Հոկտեմբեր, 2015 16:44
ՀԱՊԿ-ը փուչիկ է, իսկ Բորդյուժան փորձում է մեզ համոզել, որ եթե մենք դիմեինք, ապա ՀԱՊԿ-ը կոնկրետ գործողությունների կանցներ

Shabat.am քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարզաբանումների մասին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտում սահմանին տիրող իրավիճակի:

Հիշեցնենք, որ Բորդյուժան մասնավորապես ասել է, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը և տարածքային ամբողջականությունն ապահովելու համար:

«ՀԱՊԿ-ը փուչիկ է: Եվ այդ փուչիկը ստեղծվել է ՌԴ-ի կողմից: Բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ ոչ մի անդամ երկիր, հայամետ քաղաքականություն չի վարում»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա, Բորդյուժան այս հայտարարությամբ փորձում է մեզ համոզել, որ եթե մենք դիմեինք, ապա ՀԱՊԿ-ը կոնկրետ գործողությունների կանցներ: Քաղաքագետի համոզմամբ, սակայն, ՀԱՊԿ-ը ոչ մի գործողությունների էլ չէր անցնի. «ՀԱՊԿ-ի անդամ է Ղազախստանը, որի նախագահը մոտ մեկուկես տարի առաջ ստանձնել էր Իլհամ Ալիևի մամուլի խոսնակի դերը և ընթերցում էր նրա հակահայկական նամակը Սերժ Սարգսյանի ներկայությամբ Աստանայում: Նույն մահմեդական Տաջիկստանը, Ղրղզստանը և Ադրբեջանի ամենամոտ բարեկամ Բելոռուսը երբևիցե ոչ մի օգնություն չէին տրամադրի Հայաստանին, եթե Հայաստանը ավելի մեծ ագրեսիայի ենթարկվեր Ադրբեջանի կողմից»:

Քաղաքագետի խոսքով, ոչ ոք ՀԱՊԿ-ից այդ րոպեին չէր պահանջում, որ այն իր զորքերը մցներ մեր սահմանները պաշտպանլու համար:

«Այստեղ խնդիրը ոչ թե մեր սպասելիքներն էին ՀԱՊԿ-ից, մենք շատ լավ գիտենք, որ ոչ մի սպասելիք էլ այդ փուչիկ կազմակերպությունից չկա: Ոչ ղազախ, ոչ ղրղզ, ոչ էլ բելոռուս զինվորը երբեք չի գա, կանգնի հայ-ադրբեջանական սահմանին և իր կյանքը զոհի մեր անվտանգության համար: Այստեղ կարևորն այն էր, որ գոնե դիվանագիտական նորմերը պահպանելով, ՀԱՊԿ-ը պետք է կոնկրետ հայտարարությամբ հանդես գար և զգուշացներ Ադրբեջանին, որ հետագա այսպիսի ագրեսիաների դեպքում, ՀԱՊԿ-ը կպատասխանի»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը նկատեց, որ ադրբեջանցիների ակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ ՀԱՊԿ-ը նախագահող երկիր: «Ուղիղ կապ կա այստեղ: Ադրբեջանը շեշտակի հարված հասցրեց Վլադիմիր Պուտինի կողմից ստեղծված այդ կազմակերպությանը, որը նրանք հեգնանքով անվանում են պուտինյան ՆԱՏՕ և միևնույն ժամանակ ցույց տվեց ՀՀ-ին, որ ՀԱՊԿ-ը փուչիկ է»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Անդրդառնալով, այն մեկնաբանություններին, թե սահմանային լարվածության վերջին դեպքերը պայմանավորված են նրանով, որ ռուսական զորք մցվի Ղարաբաղ, քաղաքագետը նկատեց, որ հիմա դա իրատեսական չի համարում և ռուսական զորքը անելիք չունի Արցախում: Նրա խոսքով, ռուսական կողմը որպես ՀՀ ռազմավարական գործընկեր, ավելի լավ կլինի օգտագործի դիվանագիտական և ռազմական ոլորտներում իր ազդեցությունները և ավելի մեծ խնդիրներ չստեղծի մեզ համար:

«Ես ընդհանրապես համարում եմ ավելորդություն, որ Հայաստանը ՀԱՊԿ և ընդհանրապես ԵՏՄ անդամ է: Մեզ ավելի կարևոր էր զուտ երկկողմանի հայ-ռուսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակում պահելը, քան համագործակցել այդ երկու կառույցների հետ, որոնց մեծ մասը ուղղակիորեն արտաքին քաղաքականության ոլորտում վարում է հակահայ քաղաքականություն»,-ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին