Կարևոր իրադարձություններ

Հանդիպում գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետերի հետ (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 14:54
Հանդիպում գերմանական մի շարք քաղաքների քաղաքապետերի հետ (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Գերմանիայի Մուգենստրում քաղաքի քաղաքապետ Դիդմար Սպաթի, Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ Ռոլֆ Ռեյնարդի և Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանում կրկին հյուրընկալվելու համար` քաղաքապետը նկատել է, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի, որ գերմանական քաղաքների հետ նախանշված գործակցության ծրագրերն ընդլայնվեն ու գործնական ընթացք ստանան:

«Այս տարվա հունիս ամսին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ու Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանն այսօր հաջորդում է հերթականը, որն արդեն առանձնանում է մշակութային ծրագրերով: Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերն ու Ձեր մասնակցությունն եք ունենալու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Սա ևս խոսում է այն մասին, որ մեր բարեկամական փոխգործակցությունը շարունակական է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատվիրակության ղեկավար, Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերան բոլորի անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար, նաև համոզմունք է հայտնել, որ հանդիպմանը ներկա Մուգենստրումի և Աբշտայնախի քաղաքապետերի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի առաջիկայում Երևանի և գերմանական քաղաքների միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական դառնան:
«Երևանում կրկին գտնվելն իրոք հաճելի է, և պետք է խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իսկապես ջերմ ու հյուրընկալ քաղաք է, ինչն արդեն մենք վայելում ենք երկրորդ անգամ: Մեզ համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երևանում և առավել մոտիկից ծանոթանալ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի ավանդույթներին ու մշակույթին: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղանք դեռևս մեր առաջին այցի ժամանակ, փաստում են, որ Երևանը թեև հին, բայց երիտասարդ ու դինամիկ զարգացող քաղաք է: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ կանենք հնարավորը՝ գերմանական քաղաքների և Երևանի միջև գործընկերային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է Բրայան Սթիվեն Ֆերան: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին