Կարևոր իրադարձություններ

Հանդիպում Կրասնոդարի պատվիրակության անդամների հետ (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 11:41
Հանդիպում Կրասնոդարի պատվիրակության անդամների հետ (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Կրասնոդարի Քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոյի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար ու համոզմունք է հայտնել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:
«Նախորդ տարի Երևանի և Կրասնոդարի միջև ստորագրված համաձայնագիրը խթանեց մեր երկու քաղաքների բարեկամության առավել ամրապնդմանն ու հարաբերությունների գործնական ընթացք ստանալուն: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առումով էլ մենք իսկապես մեծ ներուժ ունենք, և վստահ եմ, որ կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն կետերը, որ նախանշել ենք համաձայնագրով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կրասնոդարի Քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն իր հերթին նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նաև ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Իսկապես հաճելի է գտնվել Երևանում, զգալ ձեր հնամենի քաղաքի ջերմությունն ու դառնալ տոնի լիարժեք մասնակիցը: Ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք էլ ավելի ընդլայնելու համագործակցության շրջանակներն ու նոր թափ հաղորդելու երկուստեք փոխգործակցությանը»,- նշել է Վերա Գալուշկոն:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին