Կարևոր իրադարձություններ

Ես ամեն հանրահավաքի մասնակցում եմ

29 Օգոստոս, 2016 11:34
Հեղինակ՝ Թամար Հովհաննիսյան
Ես ամեն հանրահավաքի մասնակցում եմ

Ես ամեն հանրահավաքի մասնակցում եմ: Գիտե՞ք ինչու: Մարդավարի մարդ տեսնելու համար: Հանդիպում եմ՝ Կյուրեղյան եղբայրների մորը Նվարդին, հորը՝ Արմենակին, որ երեք տղա են տվել ազգին, երեքն էլ ճաղերի ետևում են, երեք հերոս: Արայիկ Խանդոյանի սիրունիկ կնոջը հինգ զավակների հետ: Ռազմի դաշտից տուն վերադարձած Միայնակ Գայլին իր ջահել սերը տված այդ լուսե աղջիկը, ում դեմքից ժպիտը չի իջնում: Աբարանցի Պավլիկի արևածաղկի նման տիկնոջը, որ աղջկա Ասպրամի հետ է գալիս ու էլի ժպտում են՝ մայր ու աղջիկ, հպարտ են, հույսով, մի Առյուծ ունեն ու մի առյուծի ձագ, երկուսն էլ ոտքից վիրավոր, բայց առողջ սրտով, հոգով ու մտքով:Վարուժանի կնոջն եմ տեսնում՝ աղջկա Անիի հետ ու Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում սովորող տղեկի, որ շեկ մազեր ունի ու վառվող աչքեր: Արմեն Լամբարյանի մորը, քրոջը, եղբորը, երեք երեխաներին, մեծը Վարդը բանաստեղծություններ է գրում: Հանկարծ եթե տատիկի աչքերը թացվեն, իսկ այդ աչքերը միշտ են թաց, հրապարակի մի ծայրից մյուսը կվազի թոռնուհին, թե ինչ եղավ տատին: Նկարիչ Աշոտի տղային, աղջկան եմ հանդիպում, հպարտ իրենց հոր Ծուռ լինելով: Հովհաննես Հարությունյանի մորը, որ խոսում է կարծես այնքան ուժ ունի թե սարեր շուռ կտա ու մեկ էլ հանկարծ ճոճվում է ու կարծես հիմա կընկնի, բայց չէ, ուժեղ է իր հերոս տղայի նման, որի ձեռքի դրոշը ինքն է կարել: Սմբատի քրոջը՝ Լուսինեին, որ ուզում է դերասանուհի դառնալ ու ունի կապույտ ծովի պես աչքեր ու շեկ գանգուրներ, եղբորը՝ Վարազդատին ևս մի Ծուռ, իսկ Սմբատը հազիվ քսաներեք տարեկան է, Պավլիկի Արամից մի տարի մեծ՝ մեր կորյունները: Հաց բերողի հորն եմ տեսնում, որ խոսում է ասում, թե լավ է, բայց ձեռքերը դողում են, ձայնը դողում է,: Արմեն Բիլյանի մորը, որ ակտիվ հրապարակի մեկ այս ծայրում, մեկ մյուս: Եվ էլի շատ մաքուր կարգին մարդկանց: Կարո Եղնուկյանի ընտանիքը, իր օրիորդ կնոջը Ռուզանին, որ հինգ երեխաների մայր է, ճակատին ոստիկանի սապոգի սպին: Սեդրակ Նազարյանի հարազտներին, որ մենք բոլորս ենք, առանց բացառության ու թող ոչ մեկի մտքով չանցնի, թե նա հարազատ չունի:Դեդի՝ այդ ազնիվ ծերունու աղջկան, որ երգչուհի է ու հորը պաշտում է, նրան գաղափարի մարդ կոչում: Աստված իմ, բոլոր բոլորի 31+1 ոգին եմ տեսնում ոգին, որ չի մեռնում ու դառնում է ուժ, միասնություն, նպատակ, հաղթանակ, դրոշ, զինանշան, օրհներգ, օրհնվեք դուք Սասնա Ծռեր, որ այսքան լավ մարդ մեջտեղ բերեցիք: ՈՒ մենք կապրենք, շուտով բոլորս միասին, նույն այդ հրապարակում հարսանիք կլինի՝ Արամի, Սմբատի Հովհաննեսի Սեթոյի ու կպարենք միասին երկու ոտքով զարնելով մեր հողին: Երկիրը մերն է, լեռները մերն են,, երկինքը մերն է, էլ ինչ ունենք մտածելու:
Հ.Գ. Այս ամբողջ նկարագրի մեջ, երբեք չէի ուզի հիշատակել նրանց, ովքեր չեն ամաչում ազգային ախոռում նստած բորենիների հետ շփվելուց ու համարձակվում են ասել, թե ափսոսում են Ազատության հրապարակը, որ թափթփուկներով է լցված: Ես գիտեմ, որ շատ մոտ է այն օրը, երբ այդպես ասողներին ականջներից բռնած քարշ տալով կբերենք այդ նույն հրապարակ ու ծնկի կբերենք մեր երազները մխտռելու համար: Էդ մեկը ես խոստանում եմ:
Սովորական հայուհի թամար հովհաննիսյան:

 

Լրահոս

Դիտել ավելին