Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենաչսիրվածները. Շաբաթի TOP 10 (տեսանյութ)

07 Նոյեմբեր, 2015 09:43
Հայաստանի ամենաչսիրվածները. Շաբաթի TOP 10 (տեսանյութ)

Այս ամիս հանրությանն ենք ներկայացնում այն գործիչներին, որոնք հաջողել են նյարդայնացնել հասարակությանն իրենց խոսքով կամ գործով: Նրանցից ոմանց ատելը պարզապես սովորույթ է դարձել: Եվ այսպես.

 1.   Սուրիկ Խաչատրյան (Լիսկա)

Նա փորձում էր բարի լինել իր թոռան ծնվելու կապակցությամբ, սակայն դարձյալ իր դեմ բորբոքեց հանրության բարկությունը՝ պնդելով, թե քանի է ողջ ու առողջ է, պետք է շարունակի մարզպետ լինել, հանրապետականն էլ մի հիսուն տարի իշխելու է, իսկ Սյունիքն էլ հանրաքվեին քվեարկելու է իր ուզածի պես: Սեփական ընտանեկան երջանկությունը, այդ ուրախությամբ գինովցած լինելն ու այսքան փորձություններից հետո բացառիկ ինքնավստահությունը նրան դարձնում են հզոր տղամարդ, բայց և ամենաչսիրված քաղաքական գործիչը Հայաստանում:

 2.   Գալուստ Սահակյան

Նա այնքան է ընդարձակվել իր տարօրինակ մտքի գոհարները շռայլելիս, որ հիմա էլ սկսել է քաղաքագիտական վերլուծություններ անել ընդդիմության դաշտում: Սեփական թիմի հետևողական աշխատանքով ամայացրել է ընդդիմության դաշտը և այդ ամայի դաշտում կանգնել ու ծաղրում է պարտված կողմին: Ռազմի դաշտում մեծահոգության բացակայությունը նրան դարձնում է երրորդն ամենաչսիրվածների տասնյակում:

 3.   Արմեն Աշոտյան

Այս վաղեմի չսիրվածին Բաղրամյանում հավաքված բազմությունը դեռևս հունիսին մեղմորեն առաջարկեց հեռանալ, իսկ սեպտեմբերին պարզվեց, որ նա դպրոցական կրթությունն այնպիսին է դարձրել, որ սեփական երեխաներին մի կերպ է մազապուրծ արել այդ կրթությունից և տարել միլիոնատերերի կրթահամալիր: Այս ամենից հետո նա փորձում է հանրային հեռուստատեսության լուսարձակներով մաքրվել յուր բացասական իմիջից, սակայն դրա համար հերթական անգամ ընտրել է վատ ձև, անհաջող թիմ ու սխալ վայր:

 4.   Հերմինե Նաղդալյան

ԵԽԽՎ հակահայ զեկույցի ողջ պատասխանատվությունն անարդարացիորեն ընկավ նրա գեղանի ու պինդ ուսերին: Չնայած իր խոսքի քնքշությանը և զուտ մարդկային բարությանը՝ նա չկարողացավ խուսափել ադրբեջանական դավերի արդյունքում քավության նոխազ դառնալու պատուհասից և այս ամիս ընկալվեց որպես խորհրդարանական դիվանագիտության վատթարագույն խորհրդանիշ:

 5.   Արա Աբրահամյան

Գիտակից հանրությանը հասցված հերթական վիրավորանք է, երբ Ռուսաստանում կամ այլուր կասկածելի հարստությամբ և սոսկալի ցածր կրթությամբ մեկը գալիս է, կանգնում այստեղ՝ ժողովրդի կողքին, և... և բոլորը գիտեն, թե վերջում ինչ է լինում: Հանրությանը բարկացնում են նաև իշխանության դաբրոյով և Պուտինի պաշտամունքով տոգորված ժողովրդի փրկիչները:

6.   Մարգարիտ Եսայան

Նրան ծաղրում են հանրապետականները և արհամարհում ընդդիմադիրները, իսկ նա իշխանահաճո էժանագին քծնանքով և ոսկեղենիկ հայերենի տափակ բառակույտերով փորձում է ապագա քաղաքական արևի տակ իր տեղը գտնել: ԱԺ աշնանային նստաշրջանում ամենազավեշտալին Նիկոլ Փաշինյանի դեմ նրա ելույթն էր, որտեղ նրա «վայ» նմանակումը լուսահոգի Վահան Հովհաննիսյանի կոլորիտային խոսքին իր պես վուլգար էր ու խղճահարույց:

 7.   Նաիրա Զոհրաբյան

Հանրությունը հոգնել է ստից, ցինիզմից և դեմագոգիայից: Ժամանակն է դադարել լինել յուրային օտարների մեջ և օտար՝ յուրայինների մեջ: Հայկական Կլեոպատրան ոչ միայն չի հետևում այս խորհուրդներին, այլև շարունակում է գրգռել հանրության ցասումն իր անհետևողական, բայց և շատ ինքնավստահ ընդդիմադիրի կերպարի մեջ:

 8.   Սամվել Բալասանյան

Նա երդվեց աշխատավարձ չստանալ, քանի դեռ Գյումրիում մարդիկ տնակում են ապրում: Իր այս ցինիկ զոհաբերությամբ նա չարժանացավ հիացմունքի, այլ ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իր հսկայական կարողության կողքին իր աշխատավարձը կհետաքրքրեր միայն տնակում ապրողներին: Գյումրու նման քաղաքն այդքան վատ կառավարելու և այդ քաղաքում նման աղքատության պահպանման համար նա հայտվել է նման տասնյակում:

 9.   Ալեքսանդր Սարգսյան (Սաշիկ)

Նա շարունակում է ապրել առանց նոր սկանդալների, սակայն մարդիկ շարունակում են նրան դիտարկել, որպես իրենց բազմաթիվ ցավերի պատճառ: Այլոց բիզնեսներին վնասող բազմաթիվ օլիգարխների փոխարեն հանրությունը նախընտրում է նրան պահել որպես բիզնեսը կիսելու խորհրդանիշ: Այս կարծրատիպն էլ նրան դեռևս պահում է այս տասնյակում:

 10. Առաքել Մովսիսյան (Շմայս)

Նա այսօր այս տասնյակում է բացառապես սովորույթի ուժով և իր նախկին վարքի շնորհիվ: Քանի որ շատ այլ չսիրվածներ կարողանում են խորամանկորեն հասարակությունից թաքցնել իրենց վատ գործերն ու չար էությունը, այս փիարային հարցերում միամիտ և ուղղախոս գործիչը շարունակում է մնալ նրանց տեղապահն այս տասնյակում:

 

Այս ամիս չարի իրենց կերպարը չեն ամբողջացրել հաջող PR-ից հույսները կորցրած շատ այլ գործիչներ: Ոչինչ, մեծ խաղի ընթացքը երբեք կանգ չի առնում: Ամեն ինչ առջևում է:


Շաբաթի թղթակցակազմի ու իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

Լրահոս

Դիտել ավելին