Կարևոր իրադարձություններ

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ. ՔԿ

26 Ապրիլ, 2024 18:02
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ. ՔԿ

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:

«Մասնավորապես, Վ. Մ.-ն 2015 թ․ սեպտեմբերի 4-ին ընտանիքով հատել է ՀՀ պետական սահմանը, այնուհետև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու քաղաք, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո վերջիններիս հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել, որոնցով վատաբանել է ՀՀ իշխանություններին և գովաբանել ադրբեջանական իշխանություններին, որոնք օգտագործվել են լրատվական միջոցներով։

Դրանից հետո, Վ. Մ.-ն, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից, վերջիններիս այլ օգնություն ցույց տալու միջոցով՝ հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հսկողությամբ, կեղծ սոցիալական ցանցերի միջոցով, հիմնել է «Խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է ՀՀ քաղաքացի Ս.Ջ.-ին:

Ս. Ջ.-Ն, հաստատապես իմանալով Վ.Մ.-ի գործունեության մասին, 2017 թվականին անցել է Ադրբեջանի կողմը, այն է՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության ներկայացուցիչներին այլ օգնություն ցույց տալու եղանակով՝ վերջիններիս պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է Ադրբեջանի Հանրապետությունը և հակահայկական ելույթներ ունեցել, որոնք օգտագործվել են զանգվածային լրատվական միջոցներով:

 

Ձեռք բերված փաստերի հիման վրա քննիչը միջնորդություններ է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված արարքները կատարելու համար Վ.Մ-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

 
Վ.Մ.-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Լրահոս

Դիտել ավելին