Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ շեշտելով, որ այդ ոճրագործությունն իրագործողների անպատժելիության հետևանքն է մեկ դար անց հայ ժողովրդի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։
Նշվեց Ֆրանսիայի կարևոր դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։
Արարողությանը ներկա էին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին նաև Անտոնիի և Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեի տեղակալ Բենուա Տրեվիսանին, Շատենե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Բուրգ-լա-Ռենի քաղաքապետ Պատրիկ Դոնաթը, Վերիեր-լը-Բուիսոնի քաղաքապետ Ֆրանսուա Գի Տրեբուլեն և այլք։
Նույն օրը Անտոնի քաղաքում Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի, Ֆրանսիայի Սենատում «Կենտրոնամետների միության» նախագահ Էրվե Մարսեյի, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչի կողմից հանդիսավոր կերպով բացվեց Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակը և Մանուշյանի խմբի անդամներին նվիրված հուշատախտակը»,- ասված է գրառման մեջ։