Կարևոր իրադարձություններ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

04 Մայիս, 2024 14:34
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում:

Մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս)՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ կհնչի Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Մարզային շրջագայության համերգները կմեկնակեն մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից և կշարունակվեն մայիսի 15-ին՝ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնում, մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում:

Շրջագայությունը կեզրափակվի մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալիք համերգով:

Գորիսի համերգը կկայանա «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ:

Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին