Կարևոր իրադարձություններ

Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

26 Ապրիլ, 2024 17:07
Հոբելյանական երեկո՝ նվիրված Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին

2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը:

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնախումբ, որի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  ապրիլի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա հոբելյանական երեկո:

Երեկոյի առանցքում Վալենտին Պոդպոմոգովի «Խորհրդավոր ընթրիք կամ Sors» հայտնի կտավն է: Կցուցադրվեն նաև արխիվային տեսանյութեր և հատվածներ տարբեր ֆիլմերից: Էկրանին կլինի հոբելյարը, իսկ նրա մասին հետաքրքրաշարժ դեպքեր և զվարճալի դրվագներ կպատմեն մշակույթի հայտնի գործիչները և մտավորականները:  ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ Արարատ Աղասյանը կներկայացնի Վալենտին Պոդպոմոգովի գեղանկարչական ժառանգությունը:

Կինոյի տան ճեմասրահում կներկայացվեն Վարպետի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, ինչպես նաև նրա ձեռքերով պատրաստված մեխանիկական սարքերը:

Երեկոյի սցենարի հեղինակը և հաղորդավարն է հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Նիկոլայ Դավթյանը, նկարիչը՝ Շամիր Շահիրյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին