Կարևոր իրադարձություններ

Երևանը և Ամմանը կշարունակեն փոխգործակցությունը

09 Հոկտեմբեր, 2015 22:20
Երևանը և Ամմանը կշարունակեն փոխգործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել էՀորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետի տեղակալ Յուսեֆ Ալ Շավարբեհի հետ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու համար և նկատել է, որ այս այցը ևս կնպաստի երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ու գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցության շրջանակների ընդլայնմանը:

«Հայ-հորդանանյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնք ոչ միայն գործնական են, այլև բարեկամական: Դրա խոսուն ապացույցն է նաև արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը` համոզված եմ, որ մենք ևս էլ ավելի կամրապնդենք ու կզարգացնենք երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամմանի քաղաքապետի տեղակալ Յուսեֆ Ալ Շավարբեհն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը` ընդգծել է, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով, և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալը: Ասում են` քաղաքների բարեկամությունն սկսվում է քաղաքապետերի բարեկամությունից, ուստի, հաճելի է արձանագրել, որ Երևանի ու Ամմանի քաղաքապետերը ոչ միայն գործընկերներ են, այլև լավ բարեկամներ»,- նշել է Յուսեֆ Ալ Շավարբեհը և Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին