Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում ներկայացվեց օրգանների փոխպատվաստման իրանական փորձը

09 Հոկտեմբեր, 2015 13:42
ԱԺ-ում ներկայացվեց օրգանների փոխպատվաստման իրանական փորձը

ԱԺ-ում «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Կենդանի և դիակային երիկամի փոխպատվաստման իրանական մոդելի կողմը և դեմը» ներկայացրեց Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Միտրա Մահդավի-Մազդեհը, ով շեշտեց, թե Հայաստանի և Իրանի իրականությունն ավելի նման է, և թերևս պետք է հաղթահարել ավելի շատ խոչընդոտներ, քան դրանց հանդիպում են եվրոպական երկրները:

Նա նշեց, թե իհարկե հիմնական խնդիրը դրամական փոխհատուցումն է, որպեսզի չստացվի, որ «աղքատների մարմինները պահեստամասեր են դառնում հարուստների համար»:

«Կարևոր կետը հանրության վստահությունն է ծրագրի նկատմամբ: Մենք պետք է զգույշ լինենք հանրային վստահության նկատմամբ»,-ասաց նա:

Այնուհետև նա ներկայացրեց ծրագրի մեկնարկը 1967թ-ից սկսված, ըստ որի՝ կարող էին օրգաններ վերցնել կենդանի դոնորներից, որոնք պետք է լինեին հիվանդի հարազատները: Այնուհետև ընդունվել է ակտ, որ կենդանի դոնորներին պետք է փոխհատուցում տալ՝ 3500 դոլարի չափով, որը վճարում է կառավարությունը: Հետո արդեն որոշվում է այդ գումարը դարձնել 900 դոլար, իսկ մնացած մասը պետք է ռեզիդենտը վճարեր, այսինքն նա, ով ունի այդ օրգանի այդ պահանջը:

«1999թ-ին պաշտոնապես հաստատվեց, որ հերթագրվածների ցուցակը վերանում է, այսինքն՝ ցանկացածը, ով ուզում է պատվաստվել, ապա պետք է դիմի իր կենդանի ազգականին»,-ասաց նա: 

2000-ից, ըստ նրա, պատմությունը փոխվում է, և օրգաններ կարող են վերցնել և ազգականներից և ոչ ազգականներից, իսկ դոնորին գրանցում են մասնաճյուղերում, հաստատվում է նրանց դոնոր լինելու հանգամանքը, նաև ստանում են համաձայնություն ընտանիքից՝ կնոջից կամ տղամարդուց, որից հետո էլ նա կարող է պետությունից ստանալ 900 դոլար և հիվանդանոցային բոլոր ծախսերի փոխհատուցումը:


Միտրա Մահդավի-Մազդեհը նշեց, թե նաև օրգաններ են վերցնում մահացած մարդուց, բայց այստեղ էլ հանդիպում են խնդիրների, քանի որ Արևելքում մարդիկ դեռ հրաշքների են հավատում և մեկ բժշկի հայտարարությունը, որ մարդը մահացած է ՝ բավարար չէ, ուստի որոշվել է, որ պետք է 5 պրոֆեսիոնալ բժշկի ստորագրություն, որ մահացած է: Այնուհետև, ըստ նրա, պետք է ընտանիքին համոզեն, որ մահացածին պետք չեն օրգաններ, ապա ռեզիդենտին, ով պետք է համոզվի, որ ուրիշի օրգանը վերցնելով՝ իր կյանքն է երկարելու:


Իրանից եկած մասնագետը նշեց, որ արդյունքում մահացածներից օրգաններ վերցնելու դեպքերը կազմել են 43,8%:


Մասնագետի խոսքով՝ ամեն տարի ունենում են 2000 փոխպատվաստում, բայց նաև ներկայացրեց ուսումնասիրություն. դոնորների ամսական եկամուտը համեմատել են՝ պարզելու՝ արդյո՞ք աղքատների օրգանները չեն ծառայում հարուստներին։ Պարզվել է, որ այո, դոնորների 60-80%-ը աղքատ շերտին է պատկանում:

 

Լրահոս

Դիտել ավելին