Կարևոր իրադարձություններ

Լեռնային շրջաններում ցրտահարություն է սպասվում

09 Հոկտեմբեր, 2015 13:11
Լեռնային շրջաններում ցրտահարություն է սպասվում

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է ցրտահարություն: Ջերմաստիճանը կնվազի մինչեւ -2-3 աստիճան: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ վարչության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ցրտահարությունը պայմանավորված կլինի եղանակի պարզեցմամբ եւ հյուսիսարեւմտյան ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: Ցրտահարության վտանգ կա Շիրակում, Լոռվա մարզում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում եւ Գեղարքունիքում: Գագիկ Սուրենյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հատկապես խոցելի կլինեն Շիրակից՝ Աշոցքի եւ Ամասիայի հատվածը, Արթիկ-Մարալիկ հատվածը եւ հարակից գյուղերը:

Լոռվա մարզից խոցելի կլինեն Տաշիրը, Ստեփանավանը եւ հարակից գյուղերը, Արագածոտնի մարզից՝ Ապարանը եւ հարակից գյուղերը, Կոտայքի մարզից՝ Հրազդանը եւ հարակից գյուղերը, Գեղարքունիքի մարզից՝ Գավառը, Վարդենիսը եւ հարակից գյուղերը: Արարատյան դաշտում առաջիկա տասը օրերին ցրտահարության վտանգ չկա: Օդերեւութաբանները խորհուրդ են տալիս լեռնային շրջանների բնակիչներին՝ հավաքել բերքը:

Հոկտեմբերի 11-12-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Ամսի 12-ին հանրապետություն կներթափանցեն տաք հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, եւ Արարատյան դաշտում +18-+19 աստիճանի փոխարեն կունենանք մոտ 23-24 աստիճան տաքություն:

Հոկտեմբերի 13-ի երկրորդ կեսից Հայաստանին է մոտենում միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը ցիկլոնը, որը բավականին տեղումնաբեր է: Մինչեւ ամսի 15-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, սակայն օդի ջերմային ֆոնում զգալի փոփոխություններ չեն սպասվում:

Գագիկ Սուրենյանը նշեց նաեւ, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի են ունեցել մի փոքր արտառոց երեւույթներ: Հոկտեմբերի 1-ից մինչեւ օրս, հանրապետության տարածքը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, եւ այս իննը օրերին գրանցվել է ամսական նորմայի 70-100 տոկոսի չափով տեղումներ: Արարատյան դաշտի առանձին հատվածներում տեղումները կազմել են ամսական նորմայի 140 տոկոսը: Սա դրական ազդեցություն է ունեցել գյուղատնեսության համար, հատկապես՝ աշնանացանի:

 

Լրահոս

Դիտել ավելին