Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Քրիստիան Պարադիին

09 Հոկտեմբեր, 2015 13:07
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Քրիստիան Պարադիին

Հոկտեմբերի 9-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կանադայի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստիան Պարադիի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում և վերջին շրջանում բարձրաստիճան շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հյուրընկալելու ու բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Պարադին երախտագիտություն հայտնեց Դակարի գագաթաժողովում ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Կանադայի կողմից առաջարկված՝ Միկայել Ժանի թեկնածությանը սատարելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նախարար Պարադին ընդգծեց այն նշանակալի դերը, որը խաղում է կանադահայ համայնքը իր երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում:

Էդվարդ Նալբանդյան ու Քրիստիան Պարադին մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ապաստան են գտել Սիրիայից ժամանած շուրջ 17000 փախստականներ։ Նախարար Պարադին իր հերթին ներկայացրեց Մերձավոր Արևելքում փախստականներին և տեղահանված անձանց Կանադայի կողմից ցուցաբերվող օժանդակությունը։

ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին