Կարևոր իրադարձություններ

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն վստահ է, որ արդարացվելու է. Հանցագործության համար հիմքեր չկան

31 Հոկտեմբեր, 2015 14:23
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն վստահ է, որ արդարացվելու է. Հանցագործության համար հիմքեր չկան

Քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը կրկին ուշադրության կենտրոնում է: Սպանության  գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի մայրը հայտարարել է, որ  որդին պատրաստվում է հացադուլ սկսել, քանի որ ապօրինությունների դեմ պայքարելու այլ ճանապարհ չի տեսնում։ Մոր խոսքով, դատավարությունը միտումնավոր արհեստականորեն ձգձգվում է:

Իսրայել Սարգսյանի պաշտպան  Հեկտոր Սարդարյանը, սակայն, կարծում է, որ հացադուլը սխալ մոտեցում է:«Կաշխատեմ նրան հետ պահել այդ քայլից, որովհետև դա ոչինչ չի տա: Գործը դատաքննության փուլում է, և մեր հույսը դատաքննության օբյեկտիվության վրա է »,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով, Իսրայել Սարգսյանը այժմ գտնվում է առողջական և հոգեբանական նորմալ վիճակում: Վերջինս նույնպես  կարիք ունի  դատաքննության և ապացույցների հետազոտման , որպեսզի հասկանա ինչ է տեղի ունեցել:

Իսրայել Սարգսյանի մոտ հուսահատություն չկա, կա վստահություն, որ մի օր ինքը  պետք է արդարացվի:

Նշենք, որ վերջին դատական նիստի հետաձգումը, Իսրայել Սարգսյանի պաշտպանի խոսքով, մեղադրողի ծանրաբեռնվածության հետ է կապված, ինչը վերջինիս համար տարօրինակ է, քանի որ սա կարևոր, լուրջ և աղմկահարույց  գործ է, որը  պետք է ուշադրության կենտրոնում լինի:

Հեկտոր Սարգսյանը չի  բացառում, որ մեղադրողի համար հնարավոր է այնքան էլ հաճելի չէ մասնակցել գործին, քանի որ ըստ նրա, մեղադրողի ձեռքին լուրջ ապացույցներ չկան:

«Պետք է հետազոտել գործի բոլոր ապացույցները: Մինչև հիմա շատ չնչին  ապացույցներ կան հետազոտված, որ գործի հետ առանչություն ունեն: Բացարաձակ մեծամասնությունը հարցաքննվածների գործի հետ առնչություն չունեն: Կողքի շենքի տարիքով կնոջ խոսքը ինչ իմաստ ունի այս գործի մեջ: Հարցաքննվում ՝ասում են՝ ես լսեցի մի ձայն, կարծեցի «խլապուշկայի» ձայն է, հետո հաջորդ օրը լսեցի, որ հարևան շենքում մարդ են սպանել»:

Իսրայել Սարգսյանի պաշտպանն ասում է, եթե իր պաշտպնյալը կատարել է հանցանքը, պետք է պատժվի, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում, որ  չկան այն հիմքերը, որ նա այդ հանցագործն է:

Նշենք, որ ըստ մեղադրանքի Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել էր Մովսես Ներսիսյանին:

Հիշեցնենք, որ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի է ունեցել 2014թ. հունվարի 27-ին  Երևանի Արամի նրբանցքի 5Ա շենքի մուտքի մոտ:

Արթուր Սաֆարյանը վերոնշյալ շենքի բնակիչ էր,  նրա վրա կրակել են շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:

41-ամյա Արթուր Սաֆարյանի աղմկալի սպանությունը միանգամից կապվեց վենդետայի հետ և գրվեց, որ անազատության մեջ գտնվող Թևոսիկը դրսում «գործեր է արել» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի միջոցով:

Մամուլը ժամանակին մի քանի փաստեր ներկայացրեց, ըստ որոնց սպանողները եղել են երկու հոգով, որոնք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել:

Այդ երկուսը եղել են 48 տարեկան Մովսեսը, ով շրջապատում առավել հայտնի է Մոսո անունով և 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով:

Կրակողը եղել է 48-ամյա Մովսեսը, ում էլ ըստ մեղադրանքի հետագայում սպանել է Իսրայելը:

Մամուլում շրջանառվող նախնական տեղեկությունների համաձայն էլ Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել:

Եղբոր աղմկալի սպանությունը հերթական անգամ հանրության ուշադրությունը սևեռեց Կայարանցի Թևոսիկի անձի շուրջ:

Թևոս Սաֆարյանը ծնունդով Արեշից է, այսինքն՝ Էրեբունուց, որոշ տեղեկությունների համաձայն, նա իր գործերը հիմնականում վստահել է սպանված եղբորը:

Թևոսիկի անձի շուրջ մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ժամանակին բավականին ուշագրավ մանրամասներ ի հայտ եկան, որոնց համաձայն տարիներ առաջ Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում, հանցագործ  խմբավորումներից մեկը կրակահերթ է բացել Թևոսիկի ավտոշարասյան վրա, ինչի արդյունքում սպանվել է նրա քրոջ ամուսինը, ով նստած է եղել մեքենայի ղեկին:

Շրջանառվող այլ տեղկությունների համաձայն, նրա տան դիմաց՝ ավտոտնակում սպանվել է նաև  նրա կնոջ երիտասարդ եղբայրը: Ըստ էության, վերջինիս վրա արձակված ավտոմատային կրակահերթը նույնպես նախատեսված է եղել Թևոսի համար, քանի որ սպանված երիտասարդը այդ օրը տուն է վերադարձել հենց վերջինիս մեքենայով և հենց ավտոտնակում սպանվել:

Այլ տեղեկությունների համաձայն, Թևոս Սաֆարյանը բավականին մեծ օժանադակություն է հատկացրել երկրին պատերազմի ժամանակ և  դժվարին այլ օրերին: Եվ հիմնականում չապրելով  Հայաստանում  պարբերաբար օգնել է ինչպես զենք-զինամթերքով, այնպես ել նյութապես , և մի շարք այլ հարցերով:

Նշենք, որ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ, մեկ գնդակ, իսկ դեպքի վայրից մոտ 120 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի հրազեն:

Արթուր Սաֆարյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ որդի և դուստր: Նա հիմնականում գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ:  Նրա հոգեհանգիստը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու: 

Իսկ ահա առաջին աղմկահարույց գործը, որում ներգրավված է եղել Իսրայել Սարգսյանը, Արմեն Տեր-Սահակյանի (ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ) բանդայի գործն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին