Կարևոր իրադարձություններ

Հանրապետությանն է մոտենում ցուրտ օդային ճակատ. առանձին օրերի հնարավոր է ձյուն

31 Հոկտեմբեր, 2015 11:50
Հանրապետությանն է  մոտենում  ցուրտ օդային ճակատ. առանձին օրերի հնարավոր է ձյուն

2015 թվականը, օդերևութաբանության առումով, ռեկորդային էր. այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«2015 թվականի ձմեռն ամենատաք ձմեռն էր, ամառն ամենաշոգ ամառներից էր, իսկ այս հոկտեմբերը ամենախոնավն էր մեր պատմության մեջ: Շատ առատ տեղումներ են դիտվել Երևանում: Տեղումների նորման գերազանցվել է երեք անգամ: Այս հոկտեմբերին 115 միլիմետր անձրև է եկել»,- հայտնեց նա:

Անդրադառնալով 2015 թվականի նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումներին` Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ վեց աստիճանով: «Այս տարի օդի միջին ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճանով ցածր կլինի, իսկ տեղումների քանակն՝ ավելի: Օդի ջերմաստիճաննն առանձին տեղերում կնվազի մինչև 15 աստիճանով»,- ասաց նա` հավելելով, որ տեղումնառատ նոյեմբեր է սպասվում:

«Տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, Երևանում՝ հիմնականում անձրևի տեսքով: Առանձին օրերի հնարավոր է ձյուն: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ամսվա առաջին կեսին կդիտվեն թեթև ձյան տեսքով տեղումներ»,- նշեց Սուրենյանը` հավելելով. «Այսօր և վաղն անկայուն եղանակը կպահպանվի: Սյունիքում, Լոռիում, Տավուշում և Արցախում տեղումները կպահպանվեն»:

Սուրենյանի խոսքով`մեր հանրապետությանը վաղը մոտենում է ցուրտ օդային ճակատ: «Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կիջնի: Առանձին տեղերում, այսօրվանից սկսած, ձյան տեսքով տեղումներ կլինեն: Նոյեմբերի 2-ից ցիկլոնը կհեռանա, և տեղումները կդադարեն: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը օդում կդիտվի 2 աստիճան ցուրտ, գետնին՝ 4 աստիճան ցուրտ: Դրանից հետո մի փոքր կբարձրանա: Մինչև նոյեմբերի 7-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա երկու աստիճանով, դրանից հետո կրկին կնվազի»,- ասաց Սուրենյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին