Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում չժխտեց, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարար պատգամավորների հետ և հրահանգել, որ 700 000 ձայների անհրաժեշտություն կա:
«Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս՝ ինձ վրա»,-ասաց նա:
Shabat.am-ը մի քանի հարց է ուղղել Գալուստ Սահակյանին:
-Պրն. Սահակյան, մարզպետները նշանակվել են «Այո»-ի շտաբի համակարգողներ մարզերում: Արդյոք սա վարչական ռեսուրսի օգտագործում չէ:
-Ոչ, ընտրությունների ժամանակ որ քաղաքական ուժը ինչպիսի ռեսուրսներ ունի, այդ ռեսուրսներով էլ հանդես է գալիս: Մարզպետները երբ նշանակվում են շտաբի պետեր, նրանք իրենց աշխատանքի ժամերին, բնականաբար, որևէ գործառույթի չեն մասնակցում: Առավելևս կառավարության անդմաները, բնականաբար, աշխատաժամերին որևէ քարոզչության, որևէ միջոցառման չեն մասնակցի:
-Պատգամավորներից շատերը նշում են, որ եթե իշխանությունը ընտրակեղծիքներ անելու ցանկություն ունենա, նույնականացման խնդրի լուծումը ոչ մի կերպ չի օգնի: Այս ընթացքում չե՞ք հասցրել համոզել, որ ընտրակեղծիքների գնալու միտք չունեք:
-Երբեք ու երբեք իշխանությունները ընտրակեղծիքի չեն գնացել: Այլ բան է, որ որոշակի մրացակցություն է տեղի ունենում և բոլոր կուսակցական քաղաքական թիմերում, թե ով ավցելի ակնհայտ հանդես կգա, ընդհանուր առմամբ , այս պրոցեսներում և դրա հետևանքով երբեմն-երբեմն անհատներ են հայտնվում, որոնք արջի ծառայություն են մատուցում: Այսօրվանից արդեն ընդդիմությունը կամ նրանք, ովքեր մտածում են, որ հնարավորությունները քիչ են, արդեն խոսում են, որ ընտրությունները ընտրակեղծքով են անցնելու, նորից ընտրություններից հետո նույնը: Այսպիսին է եղել նորանկախ Հայաստանում բոլոր ընտրությունները, միանշանակ:
-ՀՀԿ խոսնակը երեկ նշեց, որ դեկտեմբերի 6-ին որոշելու է քաղաքացին: Այսինքն, եթե քաղաքացիները որոշեն տապալել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, չե՞ք բացառում, որ հանրաքվեն կարող է տապալվել:
-Եթե հանրաքվեն տապալվի, ուրեմն կմնա գործող սահմանադրությունը:
-Այսինքն, չեք բացառում, որ նման բան կարող է լինել:
-Որևէ քաղաքական ուժ եթե իր ներսում այդպիսի վախ ունի,բնականաբար, պիտի մասնակցություն չունենա:
-ՀՀԿ –ի ներսում չկա այդ վախը:
-ՀՀԿ-ի ներսում շատ վճռական են, առավելևս վախ չկա, բայց կա ակտվիություն, որպեսզի հնարավորինս այդ ակտիվության հետևանքով ակտիվանա նաև ժողովուրդը: