Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հաստատեց 2009թ-ից քննարկման առարկա դարձած ՀԿ-ների և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթը

29 Հոկտեմբեր, 2015 13:08
Կառավարությունը հաստատեց 2009թ-ից քննարկման առարկա դարձած ՀԿ-ների և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթը

Կառավարությունն այսօր հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը։ Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծումը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ Նա հիշեցրեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել։


«Մասնավորապես 2009թ-ի սեպտեմբերին  կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչը առաջացրել էր բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր՝ ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,- ասաց նախարարը։


Նախարարը տեղեկացրեց, որ այսօր ներկայացված փաթեթը քննարկված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և նրանց բոլոր առաջարկությունները հաշվի են առնված։


Այս առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը,  կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումներն ու մասնագիտական տեսակետները, ներկայացնում է նախագիծը՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ ծրագիր։


«Նախագծով մի շարք նորամուծություններ են առաջարկվում, մասնավորապես կարևորում եմ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը։ Կարևորում եմ ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ նրանց ինքնուրույնության և ֆինանսական կայունության համար»,- ասաց նա։


Հովիկ Աբրահամյանը նաև կարևորեց նախագծով առաջարկվող ՀԿ-ների հաշվետվողականության բարձրացումը։


«Ընդ որում տարանջատում է դրվում հանրային միջոցների հաշվին ֆինանսավորվող ՀԿ-ների և այլ աղբյուրներից սնվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև։ ՀԿ-ների արագ գրանցումը կարևոր նշանակություն կունենա հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին