Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ Միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:
Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:
Քաղխորհրդի նիստին ներկա են եղել Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ: