Կարևոր իրադարձություններ

Պաշտպանի ինստիտուտը արժեզրկելու միտում կար. Արթուր Սաքունց

28 Հոկտեմբեր, 2015 14:19
Պաշտպանի ինստիտուտը արժեզրկելու միտում կար. Արթուր Սաքունց

Araratnews.am - ը գրում է 

Խորհրդարանում օմբուդսմենի 2014 թվականի զեկույցի բուռն քննարկումներն ավարտվեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կողմից ՄԻՊ-ին ուղղված, մեղմ ասած, ծաղրական եւ սուր քննադատությամբ: Իհարկե, օմբուդսմենն էլ, իր հերթին, արձագանքնեց այդ ամենին՝ պնդելով, որ ՀՀԿ-ական պատգամավորը կատարեց կեղտոտ պատվեր: Թեմայի շուրջ զրուցել ենք Վանաձորի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

-Պարո´ն Սաքունց, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը երեկ խորհրդարանում բավական սուր կերպով քննադատեց Կարեն Անդրեասյանի զեկույցը, ըստ Ձեզ՝ ո՞րն էր մոտիվացիան:

-Ճիշտն ասած, չեմ կարող ասել: Զեկույցի կոնկրետ խնդիրների մասին, կարծես թե, խոսակցություն չեղավ, ընդհանուր գնահատական էր:

-Օմբուդսմենն իր զեկույցում անդրադարձել է միջատներին, որոնք կծում են կալանավորներին, ՀՀԿ-ական պատգամավորը հեգնանքով արտահատվեցսա ինչի՞ մասին է վկայում:

-Ֆարմանյանն ընդհանրապես գաղափար չունի քրեակատարողական հիմնարկներում մարդկանց պայմանների մասին: Կամ պետք է որոշ ժամանակ անցկացնի այնտեղ,  կամ էլ առնվազն այցելություններ կատարի. որպես պատգամավոր ունի նման հնարավորություն, ավելին՝ պարտավոր է, որպեսզի խնդիրներին տեղյակ լինի: Նույն Ֆարմանյանը, երբ ԱԺ-ում հաշվետվությամբ հանդես է գալիս գլխավոր դատախազը, ԿԲ-ի նախագահը, վարչապետը կամ գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ, նրանց հաշվետվություններում հեգնանքի կամ մտահոգության հիմքեր չէ՞ր տեսնում: Մենք տեսնում ենք բացարձակ լռության վարքագիծ նշված ոլորտներին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյալ, բայց բոլորովին անտրամաբանական կամ չգիտակցված եւ անիրազեկ մարդու դիրքորոշում՝ ՄԻՊ-ի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Մենք էլ որոշակի մտահոգություններ ունենք` մասնավորապես քաղաքական հետապնդումների հետ կապված, բայց այն, ինչ ներկայացվեց Կարեն Անդրեասյանի կողմից, լրիվ իրական խնդիրներ են եւ ճիշտ շեշտադրումներ: ԱԺ պատգամավորը պետք  է առնվազն հարգալից վերաբերմունք ունենա մի այնպիսի ինստիտուտի վերաբերյալ, որը բարձրացնում է ընտրողների շահերին եւ իրավունքներին վերաբերող հարցեր:

-Քրեակատարողական հիմնարկներում լինելու դեպքում՝ պարոն Ֆարմանյանը նման հայտարարություններ չէ՞ր անի:

-Ցանկացած խնդիր պետք  է աչքով տեսնել, ուսումնասիրել: Առանց իմնալու գնահատական տալն՝ առնվազն տարօրինակ է: Եթե անգամ չես տեսել, պետք է տարրական պարկեշտութուն ունենաս եւ վստահես այն զեկույցին, որի հեղինակն ընտրվել է ԱԺ-ի կողմից: Կան հարցեր, որոնց վերաբերյալ կարելի է տեղեկանալ նաեւ մամուլից, այսինքն՝ առավել քան բավարար են տեղեկատվության աղբյուրները որևէ թեմայի վերաբերյալ կարծիք արտահայտելուց առաջ տեղեկացված լինելու, իսկ եթե ծանոթ ես եւ նման կերպ ես արտահայտվում, ապա միտումն ակնհայտ է: Երբ պաշտպանն իր հիմնավոր կասկածը հայտնեց, որ դա պատվիրված էր, ապա կարծում եմ՝ հիմք ուներ նման կերպ մտածելու: Հաստատ միջատների հարևանությամբ բնակվելը, մեղմ ասած, հաճելի միջավայր չէ, պաշտպանը տեղին է այդ հարցը բարձրացրել:

-Սամվել Ֆարմանյանը զուգահեռներ է անցկացրել Ձեր, Ավետիք Իշխանյանի ղեկավարած կառույցների միջև, նշել է՝ դուք քրտնաջան աշխատում եք: Ըստ Ձեզ՝ Ֆարմանյանը իրոք տեղյա՞կ է ձեր կատարած աշխատանքներից, թե՞ պարզապես մարդու իրավուքների պաշտպանին եւ այդ ինստիտուտը վարկաբեկելու նպատակ ունի: Եղե՞լ է մի հարց, որ Դուք բարձրացրել եք եւ  որին պարոն Ֆարմանյանը՝ որպես պատգամավոր, արձագանքել է:

-Չեմ հիշում որևէ հայտարարություն կամ  դիրքորոշում իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցված, որին Ֆարմանյանն  անդրադարձած լինի: Մենք կարիք չունենք Ֆարմանյանի կողմից արժեւորվելու, այն դեպքում երբ իր շատ կուսակիցներ մեզ համարում են արտասահմանյան ագենտներ կամ գրանտակերներ: Մեզ համար, ինչպես նաեւ ՄԻՊ-ի համար կարևոր են մեր բարձրացված հարցերին լուծումներ տալը, ոչ  թե իր կողմից արժեւորվելը: Գեղեցիկ չէ տարբերակված մոտեցմամ միջոցով մի կառույցին արժեզրկել, մյուսին՝ արժեւորել. դա անպտուղ եւ ոչ կոռեկտ մոտեցում է: Ամեն դեպքում, այն մոտեցումն ու դիրքորոշումը, որ ցուցաբերվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանդեպ՝ անթույլատրելի է. դա սահմանադրական մարմին է: Մենք, որոշ հարցերում լուրջ քննադատելով ՄԻՊ դիրքորոշումներն ու գնահատականները, այնուամենայնիվ, ամեն գնով կպաշտպանենք այդ ինստիտուտը. այն անձեռնմխելի է, մենք ավելի շատ մտահոգված ենք պաշտպանի ինստիտուտի արդյունավետության բարձրացմամբ:

-Ամփոփելով՝ պատվե՞ր է կատարել Ֆարմանյանն՝ ըստ Ձեզ:

-Ակնհայտ է, որ միտում կա պաշտպանի ինստիտուտը արժեզրկելու: Պատվե՞ր է, թե՞ ոչ Անդրեասյանը կիմանա: Մենք պաշտպանի ինստիտուտը պետք է պաշտպանենք:

Զրուցեց՝ Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆԸ

 

 

Լրահոս

Դիտել ավելին