Կարևոր իրադարձություններ

Ռուսական և պարսկական բանակներն առայժմ պատվով են դուրս գալիս իրենց առջև դրված փորձություններից

28 Հոկտեմբեր, 2015 12:10
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Ռուսական և պարսկական բանակներն առայժմ պատվով են դուրս գալիս իրենց առջև դրված փորձություններից

Սովորաբար բանակի լիարժեք մարտունակությունը երևում է պետության տարածքից դուրս իրականացվող մարտական գործողությունների ժամանակ: Առհասարակ, սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար, բանակը կարող է մարտունակությունը արագ բարձրացնել անհրաժեշտ մակարդակի, եթե ունի համապատասխան ինստիտուտներ ու ավանդույթներ. սակայն զգալիորեն ավելի բարդ է դրսում հաղթանակների հասնելը: Օրինակ՝ հայկական բանակն այսօր, սահմանին ամեն օր իր մարտունակությունը ապացուցելուց զատ, միաժամանակ աշխարհի երեք կետերում է դա անում և մշտապես գերազանց գնահատակների արժանանում: Քչերը գիտեն, թե ինչքան բարդ է ամերիկյան և հատկապես՝ պահանջկոտ գերմանական հրամանատարության տակ մշտապես պատերազմական գոտում լինել ու ստանալ միայն գերազանց գնահատականներ: Սա լիովին կարող են հասկանալ նրանք, ովքեր այդ ամենը ներսից են տեսել: Այսօր արևելքում, որտեղ աշխարհի տասնյակ մեծ նվաճողներ իրենց անմահությունն են կերտել, տեղի են ունենում լայնածավալ և որոշիչ ճակատամարտեր: Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչպիսի գործողություններ իրականացրեցին ամերիկյան և անգլիական բանակները, որոնց օգնում էին նաև այլ դաշնակիցներ: Իսկ այժմ աշխարհը զարմանքով հետևում է ռուսական բանակի` հիմանականում նավատորմի ու օդուժի գործողություններին, որոնք հասել են խորհրդային լավագույն ավանդույթների մակարդակին: Այս գործողությունները հատկանշական են իրենց աննախադեպ լինելով, քանզի ծավալվում են հիմնական տեղակայման բազաներից մեծ հեռավորության վրա գտնվող բարդ տեղանքում: Սա ռուսական բանակի համար մի մեծ քայլ էր դեպի այլ հարթություն: Նույն ժամանակ մենք տեսնում ենք և դեռ մարտերից հետո պետք է մանրամասն վերլուծենք պարսկական բանակի մարտունակությունը: Մի բանակ, որը երկար ժամանակ փակ էր, և որի վերաբերյալ լիարժեք գնահատականներ չկային: Այսօր այդ բանակը ոչ միայն փորձության միջով հաջողությամբ է անցնում, այլ կատարում է երևի ամենաբարդ գործը՝ իրականացնում է ցամաքային գործողություններ լայնամասշտաբ, սակայն հիբրիդային պատերազմում, որն ընթանում է երբեմն լիովին անկանոն, երբեմն էլ՝ դասական համազորային մարտի կանոններով: Մարտական գործողությունների ընթացքում նման ճկունություն դրսևորելը ամենաբարդ խնդիրն է ժամանակակից պատերազմներում: Սա փորձություն է, որից առայժմ պատվով են դուրս գալով ռուսական և պարսկական բանակները՝ ցուցադրելով, որ մարտունակության նոր մակարդակ են գրանցել:

 

Լրահոս

Դիտել ավելին