Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցվել է քրգործ

27 Հոկտեմբեր, 2015 12:24
Օպերատիվ ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցվել է քրգործ

Քաղաքացի Արտակ Տ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ` ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցում գտնվող կենտրոնական փոստատան մոտ հատուկ ծառայություն իրականացնող անձինք առանց որևէ պատճառի վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։


ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցն, իր հերթին, հայտնել է, որ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին, Երևան քաղաքի Սարյան փողոցում գտնվող կենտրոնական փոստատան մոտից բերման է ենթարկել ԻԻՀ երկու քաղաքացիների` ծանրոցով «Ափիոն» տեսակի թմրամիջոց այլ երկիր ուղարկելու կասկածանքով: Այդ պահին քաղաքացի Արտակ Տ.-ն միջամտել և խոչընդոտել է իր օրինական գործողություններին:
 

Բացի այդ, Արտակ Տ.-ի գործողությունները հիմք են տվել իրեն ենթադրելու, որ վերջինս ԻԻՀ քաղաքացիների հանցակիցն է, ուստի նրան ևս ցանկացել է բերման ենթարկել: Այդ նպատակով ինքը Արտակ Տ.-ի կամքին հակառակ փորձել է բերման ենթարկել, սակայն վերջինիս հաջողվել է ազատվել ու դիմել փախուստի:
 

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
 

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին