Կարևոր իրադարձություններ

Մենք վառ ենք պահում ցեղասպանության զոհերի հիշատակը. Ջասթին Թրյուդո

23 Ապրիլ, 2016 11:42
Մենք վառ ենք պահում ցեղասպանության զոհերի հիշատակը. Ջասթին Թրյուդո

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Կանադայի խորհրդարանը ապրիլը ցեղասպանության հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս ճանաչեց, իսկ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Երկրի վարչապետի` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ արված հայտարարությունը ցույց է տալիս, որ Կանադայի կառավարությունը հավատարիմ է անցյալի ցեղասպանությունները դատապարտելու և ապագայում դրանք կանխելու հանձնառությանը:

Ստորև ներկայացնում ենք Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարությունը.

Այսօր հիշատակում ենք 1915 թվականին` Օսմանյան Կայսրության վերջին օրերին, հայ ժողովրդի կրած ողբերգական կորուստների 101-րդ տարելիցը:

Կանադայի և՛ Սենատը, և՛ Համայնքների պալատն ընդունել են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևեր:

Մենք վառ ենք պահում ցեղասպանության զոհերի հիշատակը` մեր խորին հարգանքը հայտնելով նրանց ժառանգներին` այդ թվում նաև նրանց, ովքեր այսօր ապրում են Կանադայում:

Հանդիսավորությամբ ճանաչելով այս իրադարձությունը և օգտագործելով այս հնարավորությունը` եկեք առաջ նայենք և մեր հավաքական վճռականությունն օգտագործենք, որպեսզի վստահ լինենք, որ այսպիսի դեպքերն այլևս երբեք չեն կրկնվի:

Չմոռանալով պատմության դասերը` պետք է հիշենք, որ անցյալի անարդարությունները չեն ծառայում մեր համայնքներին, եթե դրանք բաժանում են մեզ: Հասարակության բոլոր շերտերին, ինչպես նաև տարբեր դավանանքների պատկանող կանադացիները միասնական են բազմակարծության արժեքների, մարդու իրավունքների և բազմազանության հավաքական հանձնառությունը վերահաստատելու հարցում:

Այս տարելիցին ընդառաջ եկեք հուսանք, որ հանդուրժողականության, հարգանքի և հաշտեցման վրա հիմնված խաղաղ ապագա կունենանք:

 

Լրահոս

Դիտել ավելին