Կարևոր իրադարձություններ

Մթերքը պահպանելու մի քանի կանոն

26 Հոկտեմբեր, 2015 18:15
Մթերքը պահպանելու մի քանի կանոն

Շատ սննդամթերք գնելու սովորությունը մեր ենթագիտակցության մեջ այնպես է ամրապնդվել, որ թույլ չի տալիս խանութից կիսադատարկ պայուսակով դուրս գալ: Իսկ ախորժակը երբեմն դավաճանում է, որովհետև ոչ բոլորն են ի վիճակի խանութից բերածը միանգամից ուտել: Փողերը քամուն չտալու համար պետք է ընդամենը սովորել մթերքը ճիշտ պահպանել, ինչը հնարավոր չէ առանց գրագետ փաթեթավորման: ի դեպ
Մթերքները խորհուրդ չի տրվում պահել չուգունե թավաների և ալյումինե կաթսաների մեջ: Չուգունն արագորեն ժանգոտում է, իսկ ալյումինը` մթերքը թթվեցնում: Ավելի լավ է օգտագործեք ապակե կամ արծնապատ (էմալապատ) սպասք: Բայց եթե ուզում եք ապուրը մի կաթսայից մյուսի մեջ լցնել, մինչ սառնարանի մեջ դնելն այն պետք է եռացնել, որպեսզի արագ չփչանա: 

Փաթեթներ և ցելոֆաններ

Պոլիէթիլենային տոպրակը մթերքների մեծ մասի համար վատ տարա չէ: Սակայն դրանք էլ են տարբեր լինում, մի մասը նախատեսված չէ մթերային ապրանքների համար, ուստի ավելի լավ է սնունդը թողնել այն տոպրակում, որով գնել եք. դրանք հաստատ՝ սննդամթերքի համար են նախատեսված: Կարող եք օգտագործել նաև ցելոֆանը, բայց պետք է հաշվի առնել, որ այն մեկանգամյա գործածման համար է. եթե դուք արդեն բացել եք փաթեթավորված մթերքը՝ պետք է ցելոֆանը դեն նետեք ու մնացած մթերքը տեղավորեք նորի մեջ: 
Ինչը կարելի է դրանցում պահպանել՝ բանջարեղեն, մրգեր, պանիր, ապուխտ, միս, ձուկ: 
Ինչը չի կարելի՝ երշիկ, կարագ, ճարպոտ այլ մթերքներ: 
Ցելոֆանե տոպրակում դրանք շատ շուտ լպրծուն են դառնում ու պատվում սպիտակ, տհաճ շերտով:
Փայլաթիթեղ 
Թույլ չի տալիս, որ մթերքում ներծծվեն կողմնակի հոտեր, չի ներծծում ճարպն ու խոնավությունը: Դրա մեջ մթերքն ավելի երկար է պահպանվում, քան փաթեթներում ու ցելոֆանի մեջ: 
Հարմար է՝ պատրաստի սննդի, ճարպոտ կերակրատեսակների համար: 
Հարմար չէ՝ տաք ուտեստների համար. տաքանալու հետևանքով փայլաթիթեղը փխրուն է դառնում, հեշտությամբ պատռվում է, ու մթերքը կարող է փչանալ: 
Թուղթ 
Պերգամենտային թղթի մեջ մթերքները «շնչում են», ինչը կանխում է տհաճ հոտի ու ավելորդ խոնավության առաջացումը, որը բնորոշ է երշիկին ու կրծքամսին: 
Հարմար է` խմորեղենի, երշիկի, ապուխտի, պանիրի, կաթնաշոռի համար:
Հարմար չէ բանջարեղենի, մրգերի, կանաչու, ձկան համար: 
Մթերախցիկներ 
Փաթեթավորման թերևս ամենաքաղաքակիրթ տարբերակը: Կափարիչով պլաստիկե ամանները մթերքներ պահելու շատ հարմար միջոց են: Բայց մթերախցիկ ընտրելիս պետք է ուշադիր լինել: Նախևառաջ ձեր ընտրած ամանը պետք է նախատեսված լինի սննդամթերքի համար: Այդ մասին ձեզ կհայտնի պիտակի վրա պատկերված բաժակի կամ պատառաքաղի տեսքով նշանը: Սակայն սա դեռ ամենը չէ: Հետաքրքրվեք, թե ինչ մթերքների համար է այն նախատեսված` տա՞ք, թե սառը: Բանն այն է, որ պլաստիկի որոշ տեսակներ, որոնք սենյակային ջերմաստիճանում միանգամայն անվտանգ են, տաքանալիս կարող են թունավոր նյութեր արտազատել: Տաքության հանդեպ ամենակայունը համարվում են պոլիպրոպիլենից պատրաստված մթերախցիկները: Դրանք հեշտությամբ դիմանում են բարձր ջերմաստիճաններին, այնպես որ կարող եք նույնիսկ հենց այդպես էլ միկրոալիքային վառարանում այն տաքացնել: 
Հարմար է՝ ցանկացած մթերքի համար: Դրանցում կարելի է մթերքը նաև սառեցնել: Ստուգեք համապատասխան նշումների առկայությունն ու համարձակորեն ձմեռվա պաշար սառեցրեք: 
Վակուումային փաթեթավորում 
Թթվածինը թարմ մթերքների գլխավոր թշնամին է: Թարմ օդից դրանք թթվում են, և մանրէների մեծամասնությունը անօդ տարածքում կենսունակ չէ: Այդ պատճառով էլ եթե փաթեթից օդը հանվում է՝ սնունդը թարմ է մնում ՘գոնե երկար ժամանակով՗: Վակուումային մթերախցիկները պատրաստվում են ապակուց կամ պլաստիկից: Սնունդը տեղադրվում է փաթեթի մեջ, այնուհետև հատուկ սարքի օգնությամբ օդը հանվում է: Մեր երկրում դրանք իհարկե դեռ այնքան էլ գործածական չեն, համենայնդեպս հայ տնտեսուհիներից քչերն են դրանցից օգտվում: 
Հարմար է` կտրտած երշիկի, պատրաստի կերակրատեսակների, թարմ մսի կամ ձկան, ապուխտի, կիսաֆաբրիկատների, պանիրի համար: 
Հարմար չէ` բանջարեղենի, մրգերի ու կանաչու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին