Կարևոր իրադարձություններ

Պայքարում ենք մազաթափության դեմ

26 Հոկտեմբեր, 2015 18:00
Պայքարում ենք մազաթափության դեմ

Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից եւ ոչ թե` հիվանդության պատճառներից: Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միեւնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է եւ պետք է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Իսկ եթե մերսումն էլ կատարվի գերչակի յուղի օգնությամբ` արդյունքը ավելի գոհացնող կլինի: Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսելուց հետո մազարմատներին, կարելի է գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքը ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաեւ սրբիչ: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին: Նման դեպքերում առաջներում մազերը լվանում էին սեւ օճառով, իսկ մազերին երեւի որպես բալզամ՝ քսում էին մածուն: Եվ իսկապես այն օգնում է, վերջում կարելի է մի գդալ մածուն քսել գլխին ու ցայել մազերը: Մածունից հետո պետք չէ նորից շամպուն կամ օճառ անել: Այն մազերը ամրացնելուց բացի՝ լավ փայլ է հաղորդում մազերին: Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից: Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարեւոր դեր չունի նաեւ սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները: Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունը ընդհանրապես տանում է ճաղատության, կարելի է օգտվել այն կլինիկաների ծառայությունից, որտեղ կատարվում է մազերի փոխպատվաստում: Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր եւ մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Հետո այս խառնուրդով լվանալ գլուխը: Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը` ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետեւյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման: Յուղոտ մազերի համար շատ լավ միջոց է կաղամբի ու վարունգի հյութը: Ընդհանրապես բոլոր տեսակի մազերին առանձնահատուկ փայլ կարող է հաղորդել 1գդալ լորենու մեղրի, 1 ձվի ու 1 գդալ մածունի խառնուրդից պատրաստված դիմակը: Դեմքի մաշկի խնամք Ճարպոտ մաշկի համար անհրաժեշտ է 2 ճ. գդալ եղեսպակը լցնել 2 լ եռացրած ջրով ամանի մեջ ու դեմքը թեքելով ամանի վրա` շոգեբաղնիք ընդունել 15 րոպե: Դրանից հետո 1 ճաշի գդալ նշի թեփը եռացրած ջրով թրջել, ու ստացված խյուսանման զանգվածը տաք վիճակում քսել դեմքին: 15 րոպե հետո էլ այն լվանալ գոլ ջրով: Չոր մաշկի դեպքում կարելի է 1 ճ. գդալ վարսակի ծիլերը 1 բաժակ թարմ կաթով լավ եփել, ավելացնել 1 ձվի հում դեղնուց եւ 1 թ. գդալ մեղր: Այն եւս պետք է օգտագործել տաք վիճակում եւ 30 րոպե հետո լվացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին