Կարևոր իրադարձություններ

Նոր պայքար Տիգրան Սարգսյանի անակնկալ նշանակումից հետո. Ովքեր կզրկվեն 12.000 դոլար աշխատավարձից

26 Հոկտեմբեր, 2015 17:33
Նոր պայքար Տիգրան Սարգսյանի անակնկալ նշանակումից հետո. Ովքեր կզրկվեն 12.000 դոլար աշխատավարձից

ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի անակնկալ նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նորանոր զարգացումների առիթ է դարձել:

Բացի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար լուռ ու խորհրդավոր մարտերից, իշխանական կուլիսներում նոր խմորումներ են գնում նաև ԵՏՄ տնտեսական նոր հանձնաժողովի կոլեգիայի անդամների ընտրության շուրջ և դրանց մասնակիցներն են հենց Տիգրան Սարգսյանը, ՀՅԴ-ն ու ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը և  ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանը, ովքեր այս տարվա հունվարից ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար են, առաջիկայում կարող են հրաժեշտ տալ իրենց  պաշտոններին:

Բանն այն է, որ մինչև այս տարեվերջ պետք է ձևավորվի ԵՏՄ տնտեսական նոր, 10 հոգանոց հանձնաժողով, որտեղ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա երկու անդամ:

Այս պահին ՀՀ-ն ԵՏՄ-ում ունի 3 նախարար՝ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, նախկին ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, որը վայելում է Տիգրան Սարգսյանի հովանավորությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, մրցակցությունը շարունակվում է Խոսրով Հարությունյանի և ՀՅԴ-ի միջև: Թե որ կողմն ավելի ուժեղ կապեր կունենա, պարզ կդառնա տարվա վերջում:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը 2016թ.-ի փետրվարի 1-ից պետք է զբաղեցնի ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Նշենք, որ  Խոսրով Հարությունյանի որդին մինչ ԵՏՄ-ում պաշտոն ստանալը, զբաղեցնում էր Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնը:

Կարինե Մինասյանը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար լինելուց բացի, 2014թ.-ի հունիսի 7-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական, այնուհետև՝ դեկտեմբերի 30-ից ազատվել այդ պոշտոնից:

Արա Նռանյանը  2007թ. մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Դեպքերի հետագա զարգացումները կարող են բավականաչափ հետաքրքիր ընթացք ստանալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարները բավականին մեծ աշխատավարձ են ստանում: Վերջերս հայտնի դարձած այն փաստը, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում նախարարի կարգավիճակ ունեցող ՀՀ ներկայացուցիչներ Ռոբերտ Հարությունյանը, Արա Նռանյանը և Կարինե Մինասյանը, ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են ստանում: Ըստ շրջանառվող տեղեկությունների նրանց նաև անվճար բնակարաններ են հատկացվել Մոսկվայի կենտրոնում`Կուտուզովի պողոտայի վրա, որտեղ ժամանակին շուրջ 30 տարի ապրել է Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին