Կարևոր իրադարձություններ

Երևանում ունեցած ելույթից հետո Ռագըփ Զարաքօլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

26 Հոկտեմբեր, 2015 13:41
Երևանում ունեցած ելույթից հետո Ռագըփ Զարաքօլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Երևանում ունեցած ելույթից հետո պահոցից օրակարգ է բերվել «քնած» գործերից մեկը:

«Ակօս»-ը տեղեկացնում է, որ 2010 թվականին «Ռոժ» հեռուստաալիքին տված հարցազրույցի հիմքով հրատարակիչ, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուի նկատմամբ գործ էր հարուցվել` «ահաբեկչական կազմակերպության անդամակցության» մեղադրանքով:

Անկարայի դատախազության կողմից 2010թ. սկսված հետաքննական գործը վերածվեց մի նոր գործի՝ մշակված դատախազ Ռամազան Դինչի կողմից, որը «Սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների քննության գործ» անունը ստացավ: Անկարայի դատախազության հանձնարարությամբ Ռագըփ Զարաքօլուն Ստամբուլում վկայություն տվեց:

Նույն գործում ևս ինը լրագրող է ներառված:

Ռ. Զարաքօլուին պատկանող «Բելգե» (Belge) հրատարակչությունն այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ, որում նշվում է, որ Զարաքօլուին «ահաբեկչական կազմակերպության» մեղադրանք է ներկայացվում, սակայն նրան վերագրված այդ ելույթի ոչ մի տեսագրություն կամ նյութ չգտնվեց:

«Բելգե» հրատարակության հայտարարության մեջ հետաքննության մասին հետևյալն է ասվում. «Ռագըփ Զարաքօլուն, ով 90-ականներից ի վեր ցեղասպանության ժխտողականության դեմ պայքար է տանում և մեր հրատարակչատան միջազգային հրատարակչության հիմնադիրներից մեկն է, Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ապրիլի 22, 23-ին Երևանում կայացած Global Forum-ի խոսնակներից մեկն էր: Երևանում ունեցած ելույթից հետո պահոցից օրակարգ է բերվել «քնած» գործերից մեկը»:

Առաջին անգամը չէ

Զարաքօլուն 2011թ. հոկտեմբեր ամսին ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել և 5 ամիս ազատազրկման մեջ էր մնացել, որից հետո դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Ձերբակալման պատճառը BDP («Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն) կուսակցության «քաղաքական ակադեմիայի» բացման ժամանակ ունեցած ելույթն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին