Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ավելի քան 4 մլն դրամ. ՊՆ իրավաբան

18 Ապրիլ, 2016 12:45
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ավելի քան 4 մլն դրամ. ՊՆ իրավաբան

Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700.000 դրամ և 1.4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար: Այս մասին այսօր լրագրողներին է փոխանցել ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:

«Զոհված և մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է նաև միանվագ 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար»,- ասել է նա:

Մկրտչյանը հայտնել է նաև, որ զոհվածների ընտանիքները նաև հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալ, ինչպես նաև ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանն էլ հայտնել է, որ եթե զոհված զինծառայողը սպայական կազմից էր ու ուներ օրինակ երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջինն ամսական 180.000 դրամ պարգևավճար: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական կստանան իննսուն հազար դրամ՝ եթե թոշակառուներ են, հակառակ դեպքում ընտանիքը կստանա ընդամենը 30.000 դրամ:

Մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձը նույնպես ստանում է թոշակ: Եթե սպա է, ապա միջինը 50.000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող՝ 18.000-38.000 դրամ` կախված հաշմանդամության կարգից:

«Օրինակ՝ եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա նա ընդհանուր առմամբ կստանա 110.000 դրամ` հաշվի առնելով կենսաթոշակն ու պարգևավճարը, իսկ եթե ժամկետային է, ապա շուրջ 90.000 դրամ»,- ասել է Սաիյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին