Կարևոր իրադարձություններ

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը

08 Մայիս, 2024 12:24
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցումը կնպաստի  ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը

Կառավարությունը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը:

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ  երեք ենթահատվածների:

Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ. նոյեմբերը:

 

Լրահոս

Դիտել ավելին