«Փաստ» օրաթերթը գրում է.
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը արևմուտքում համարում են «ռուսական» օրենք։ Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի օրինագծի հանդեպ, սակայն նշենք, որ խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։ Ընդ որում, տարին մեկ անգամ նրանք պետք է լրացնեն հայտարարագիրը։
Ի դեպ, նախապես նշենք՝ ոչ միայն Վրաստանի համար: Խնդիրն այն է, որ Արևմուտքը հատուկ ջանքեր է գործադրում, որ Վրաստանին դարձնի աշխարհաքաղաքական բախման հերթական թատերաբեմը Ուկրաինայից հետո ու Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի։ Իսկ այսպիսի սցենարը կարող է իրականություն դառնալ առաջին հերթին այն դեպքում, երբ արևմտյան գումարներով սնվող կազմակերպությունները ներքաղաքական անկայունություն հրահրեն Վրաստանում, ապա և «տապալեն» աշխարհաքաղաքական հավասարակշռության կողմնակից իշխանություններին, որոնք չեն ցանկանում երկիրը դարձնել որևէ կողմի հլու կամակատարը։
Պատահական չէ, որ ԱՄՆ-ից ու Եվրամիությունից քննադատում են վրացական իշխանություններին՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման հետ։ Անգամ Սպիտակ տնից սպառնում են, որ Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վերջնականապես ընդունվի։
Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումից հետ կանգնելու որևէ մտադրություն չունեն։ Վերջերս էլ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Իվանիշվիլին հրաժարվեց հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին։ Վրացական իշխանությունները փորձում են որքան հնարավոր է՝ հավասարակշռված քաղաքականություն վարել ու թույլ չտալ, որ Արևմուտքը ջրերը պղտորի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, թե «Մայդանի» սցենարը Վրաստանում անհնար է: Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները մտադիր չեն խզել իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ։ Վրաստանի վարչապետն ընդգծում է, թե հուսով է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ապագայում կազատվեն «Գլոբալ պատերազմի կուսակցության» ազդեցությունից՝ թերևս նկատի ունենալով ԱՄՆում և ԵՄ-ում իշխող վերնախավի այն հատվածին, որը շահագրգռված է այլ երկրներին ևս Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ ներգրավելուն։ Հարցն այն է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող, այսպես կոչված, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» ցանկանում է բոլոր հնարավոր ձևերով հարվածել Ռուսաստանին, բայց դրանից ոչ այնքան տուժում է Ռուսաստանը, որքան որ այն փոքր երկրները, որոնք ներգրավվում են այս գործընթացում։
Հենց թեկուզ Ուկրաինայում ընթացող պատերազմը վկայում է, թե ինչպես կարող է Արևմուտքն իր շահերի համար այդ երկիրն ավերակների վերածել ու զոհաբերել բազմահազար ուկրաինացի զինվորների։ Ինչպես վերը նշեցինք, այս ամենը միայն Վրաստանին չի վերաբերում: Բացառված չէ, որ Հայաստանի մասով ևս նոր փորձեր կատարվեն Ռուսաստանին հարվածելու ուղղությամբ: Դրա համար Հայաստանում Արևմուտքը ներդրված ականներ շատ ունի, որոնք տարիներ շարունակ Արևմուտքից մեծ գումարներ են ստանում։ Աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու հեռանկարը բացառելու համար առաջին հերթին գործող իշխանություններին հեռացնելուց հետո հաջորդ իշխանությունները գուցե այս ամենից լուրջ եզրակացություններ անեն, ինչպես արել են Վրաստանի ներկա իշխանությունները»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: