Կարևոր իրադարձություններ

Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ

08 Մայիս, 2024 12:45
Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ

Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող, տվյալ ժամանակահատվածի համար արդիական դիտարկվող, առողջապահական կարիքներին համապատասխան դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն և մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում և ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում։ 

Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ։ Նշված ՇՄԶ կրեդիտնեը բուժաշխատողները ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքների/աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով և այլն։ Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը մասնակցի։

Սակայն, ներկայումս, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ։ Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից։  Որպես, օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները։ Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է կառավարությանը, որը, կախված կոնկրետ ժամանակահատվածից և իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ։ Նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակում, այնպես էլ վճարովի հիմունքներով։

Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և  փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին