Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն այս տարի կունենա 2,2 մլրդ մանաթի դեֆիցիտ

25 Հոկտեմբեր, 2015 18:05
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն այս տարի կունենա 2,2 մլրդ մանաթի դեֆիցիտ

Նավթի համաշխարհային գների շարունակական նվազման հետեւանքով Ադրբեջանի պետական նավթային հիմնադարամի (SOFAZ) 2015 թվականի բյուջեն կկատարվի դեֆիցիտով:Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով SOFAZ-ին:

Ըստ աղբյուրի` 2015-ի համար SOFAZ-ի բյուջեն կազմելու համար հիմք են վերցվել պետբյուջեի բազային պարամետրերը, որտեղ նավթի գինը որոշվել էր մեկ բարելի դիմաց 90 դոլար:«Նավթի մեկ բարելի դիմաց ներկայիս 50 դոլար գնի պայմաններում Հիմնադրամի ընդհանուր եկամուտները, այդ թվում` նավթի եւ գազի վաճառքից եկամուտները, կանխատեսվում են 7,4 մլրդ մանաթի մակարդակի, ինչը 28 տոկոսով փոքր է Նավթային հիմնադարամի այս տարվա համար հաստատված եկամուտներից», - նշել են Հիմնադրամում:

Ինչ վերաբերվում է SOFAZ-ի բյուջեի ծախսային մասին, ելնելով այն բանից, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է եկող տարի պետբյուջեի տրանսֆերտը կրճատել մինչեւ 8,13 մլրդ մանաթ, ծախսերի ընդհանուր գումարը, այդ թվում` Հիմնադրամի նախագծերի ֆինանսավորման ու օպերացիոն ծախսերը, կկազմի 9,6 մլրդ, ինչը 19 տոկոսով փոքր է բյուջեի հաստատված ծախսերից:

«Այսպիսով, առանց հաշվի առնելու SOFAZ-ի ներդրումային պորտֆելի մեջ մտնող արտարժույթի փոխարժեքային տարբերությունը, նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնի դեպքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջեի դեֆիցիտը 2015-ի վերջին կանպատեսվում է 2,2 մլրդ մանաթ»,-«Թրենդ»-ին հայտնել են SOFAZ-ում:Ադրբեջանի պետբյուջեի համար գլխավոր աղբյուրներ են հանդիսանում SOFAZ-ը եւ այդ երկրի Պետական նավթային ընկերությունը (SOCAR):

SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին  հայտարարել էր, որ նավթի գնանկման պատճառով արտահանումից ստացվող ընկերության եկամուտները 2-2,5 անգամ պակասել են, ինչը նշանակում է, որ նույն չափով պակասել են նաեւ SOCAR-ից պետբյուջեին հատկացումները: Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի ցուցանիշները կազմվել են նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գնով, ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքի 1,05 մակարդակի հաշվառմամբ:

Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանի պետբյուջե մուտքերը 66 տոկոսով կախված են նավթից, անուղղակի գործոնների հաշվառմամբ` 80 տոկոսով, իսկ արտաքին առեւտուրն ընդհանրապես նավթից կախված է 95 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պ ետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

 

Լրահոս

Դիտել ավելին