«Ես գտնում եմ, որ սա ավելորդ զգուշություն է, կամ զգուշացում է մարդու իրավունքների պաշտպանին: Ոչ թե մարդու իրավունքների ոլորտի քաղաքականացումից պետք է վախենալ, կամ մեղադրել այլ քաղաքական ուժերին, որոնք մտնում են արդեն մարդու իրավունքների դաշտը».- մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքերն են, ով վերլուծելով օմբուդսմենի գործունեությունը կարգավորող սահմանադրական փոփոխությունների նոր դրույթները, նշեց, որ նախագիծն ավելի շատ հետընթաց է, քան առաջընթաց: «Հստակ կարելի է ասել, որ սա հետընթաց է, այնտեղ ինչ-որ բան են ավելացրել մարդու իրավունքների մասով, որոշ խմբագրումներ են կատարել, բայց այս ամենը, ինչ արվում է ինստիտուտի հետ, դա փաստորեն ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում մարդու իրավունքների պաշտպանությունը, որպես սահմանադրական ինստիտուտ, տվյալ դեպքում հետընթաց է»: Լարիսա Ալավերդյանից խնդրեցինք նաև մեկնաբանել «քաղաքական զսպվածություն» արտահայտությունը, որն այդքան չէր սիրել ներկայիս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը. «Խոսքն ինչի մասին է գնում, անշուշտ մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքական դաշտը գտնվում են վտանգավոր մոտիկության մեջ: Մյուս կողմից, երբ մենք խոսում ենք այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը նաև քաղաքական իրավունքների պաշտպան է, հասկանալի է , որ ամեն անգամ այդ հարցը ծագում է չգիտես ինչու իշխանության կողմից: Այսինքն՝ մինչև անգամ իմ ժամանակ, ընդդիմությունն էլ է ինչ-որ դժգոհություններ հայտնել այդ մասով, ինչո՞ւ, որովհետև մարդու իրավունքների պաշատպանը չի մնում, ինչպես կասեին իրավաբանները, քրեական նյութական գործի մեջ, նա զբաղվում է պրոցեսուալ իրավունքի կոնցեպցիայով: Այսինքն՝ պետք է արվի իրավական ձևով իրավունքները չոտնահարելով: Հենց որ պաշտպանը դրա մասին խոսում է, և եթե դա վերաբերում է որևէ քաղաքական խմբին, իսկ դա պետք է վերաբերի, որովհետև դա ամենօրյա մեր կյանքն է, նրան մեղադրում են այդ քաղաքականացման մեջ»: